ՏԵՍԱՆՅՈՒԹ. Գերիներով չի, որ տարածքային խնդիրներ կարող են քննարկել. Ա. Քոչարյան

Պայմանավորվածություն է եղել և խախտվել է, պատճառները հասանելի չեն։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում անդրադառնալով երեկ գերիների չհաջողված վերադարձին՝ ասաց ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը:

Նա նշեց, որ իրենք չեն իմացել, որ այդպես է լինելու։

«Հերթական անգամ հակառակորդը խաղի կանոններ է ուզում փոխել: Հրադադարի ռեժիմի մեջ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների ստորագրություններն են, այստեղ, գուցե, խնդիր է արծարծվում, որը խանգարում է գերիների վերադարձին», - նշեց Քոչարյանը:

Ըստ նրա՝ գերիներին Ադրբեջանում պահելը տարածքների հետ կապ չի կարող ունենալ.

«Գերիներով չի, որ տարածքային խնդիրներ կարող են քննարկել»,- հայտարարեց նա:

Լրագրողները մեջբերեցին շրջանառվող լուրերը, թե Բաքվից եկած ինքնաթիռով ադրբեջանա-թուրքական պատվիրակություն է վերադարձել, ի պատասխան՝ պատգամավորն ասաց. «Շատ բան են խոսում: Դուք տեսե՞լ եք այդ պատվիրակությանը, պաշտոնական հաղորդագրություն եղե՞լ է»:

Նա նաև նկատեց, որ գերիների վերադարձի հարցը տեղի ունեցավ ՀՀ վարչապետի և ՌԴ նախագահի հանդիպումից անմիջապես հետո:

«Դա քայլ էր, որտեղ երևաց, որ Ռուսաստանն իր մասնակցությունը փորձեց ներդնել խնդրի լուծման գործում: Դրանով է պայմանավորված, որ Մուրադովը գնացել էր ուղեկցելու», - նշեց Անդրանիկ Քոչարյանը:

Նա ընդգծեց, որ ինտուիցիայով հասկանում է՝ ինչ է կատարվում, բայց այդ մասին հնչեցնել չի կարող: Միայն նշեց, որ լուծելի խնդիրներ են:

Քաղաքականություն

Պատահարներ