ՍՊՈՐՏ. Կապառոսը` աշխարհի առաջնության ընտրական փուլի մասին. «Լավ մեկնարկ ունեցանք, բայց պետք է իրատես լինենք»

Հայաստանի ֆուտբոլի ազգային ընտրանին աշխարհի առաջնության ընտրական J խմբի միանձնյա առաջատարն է:  3 տուրերից հետո Խոակին Կապառոսի սաները` Հայաստաի ֆուտբոլի ազգային թիմի ֆուտբոլիստները, ունեն 100 տոկոս արդյունք` երեք խաղ, երեք հաղթանակ և 9 միավոր: Երկրորդ և երրորդ տեղերում 6-ական միավորներով Հյուսիսային Մակեդոնիայի և Գերմանիայի ընտրանիներն են: 3 միավոր ունեն Ռումինիան և Իսլանդիան: Իսկ Լիխտենշտեյնն առհասարկ միավոր չունի: 

Սեպտեմբերին մեկնարկող 4-րդ տուրում Հայաստանը կխաղա Հյուսիսային Մակեդոնիայի (սեպտեմբերի 2), Լիխտենշտեյնը` Գերմանիայի, իսկ Իսլանդիան` Ռումինիայի: 

 

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքի հետ զրույցում անդրադարձել է Մունդիալի ընտրական փուլում հավաքականի գրանցած արդյունքներին և իր` Հայաստանում աշխատելուն: 

«Դեռևս «Սևիլիա»-ի հետ պայմանագիր ունեի, երբ Խինես Մելենդեսը կապի դուրս եկավ ինձ հետ և առաջարկեց աշխատել Հայաստանում: Հաջող փոխհարաբերություն ձեռք բերվեց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ: Վստահություն կա մեր աշխատանքի նկատմամբ»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ`  ասել է Կապառոսը: 

Իսպանացի մասնագետի խոսքով` Հայաստանում գործում է ֆուտբոլային ակադեմիա, որի պայմաններն հրաշալի են, որտեղ կա 10 մարզադաշտ և գերազանց կառույց, որն ապահովում է ամեն հարմարավետություն: 

«Հայաստանում ուզում են, որ ֆուտբոլը զարգանա և գիտակցում են, որ դրա համար հարկավոր են լավ մասնագետներ: Ազգերի լիգայում B ենթախումբ տեղափոխվել հոգեբանական մեծ ազդեցություն ունեցավ: Աշխարհի առաջնության որակավորման փուլը սկսեցին մեծ ոգևորությամբ, բայց և գիտենք, որ առաջ պետք է գնանք քայլ առ քայլ»,-ասել է նա: 

Կապառոսն առանձնացրել է այն հանգամանքը, որ J խմբում Հայաստանի հետ ընդգրկված են թիմեր, որոնք միշտ էլ ֆավորիտ են, ինչպես օրինակ` Գերմանիան: «Հույս ենք կապում թիմային աշխատանքի և ուժի հետ: Հավաքականի տղաները նվիրված են ազգային թիմին: Լավ մեկնարկ ունեցանք, բայց պետք է իրատես լինենք»,-ասել է մասնագետը: 



 

Քաղաքականություն