ՏԵՍԱՆՅՈՒԹ. Գերիների մասին քննարկումները ոչ ճիշտ մթնոլորտ են ստեղծում հանրության շրջանում. պատգամավոր

Երեկվանից համացանցում լայնորեն տարածվում են Բաքվում բացված հայկական ռազմավարը ներկայացնող այսպես կոչված պուրակի լուսանկարները: Արցախյան առաջին պատերազմից հետո Բաքվում բացվեց շեհիդների պուրակը, որտեղ թաղված են շեհիդները՝ հիմնականում Բաքվում հայերի կոտորածներին մասնացած անդրբեջանցի ջարդարարները և առաջին պատերազմի ընթացքում զոհված ադրբեջանցիները: Այս մասին Ազգային ժողովի հայտարարությունների ժամանակ ասաց ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:

« Սակայն այս անգամ պուրակում ցուցադրելով հայկական ռազմական տեխնիկան, մեր զինված ուժերի ծառայողների մանեկենների զուգակցությամբ, փաստորեն, Ալիևը պետական մակարդակով հովանավորում է հայատյացությունը և թշնամանք է քարոզում՝ ինչը խստագույնս դատապարտվում է թե՛ մեր, թե՛ միջազգային հանրության կողմից: Ալիևն իր ժողովրդի մեջ ներշնչում է սին մեծամտություն: Սրանք էլ ըստ էության իրենց հաղթանակի մսխման առաջին քայլերն են»,-ասաց Քոչարյանը: 

 

Ըստ պատգամավորի անհեթեթ պուրակի բացմամբ Ալիևը ապահովեց իրենց ապագա պարտության հեռանկարը: Քոչարյանը իր ելույթում անդրադարձավ նաև գերիների մասին քննարկումներին՝ հայտնելով, որ այդ քննարկումները  ոչ ճիշտ մթնոլորտ են ստեղծում հանրության շրջանում, և այդ թեման չպետք է լինի քննարկման առարկա: 

«Այս օրերի ընթացքում ակտիվ քննարկվում է գերիների հարցը, որը նպատակ ունի ապակողմնորոշել հանրությանը և արհեստական լարվածություն ստեղծել պետության ներսում, բազմիցս նշել եմ՝ նմանատիպ թեմաները անտեղի հանրային քննարկման առարկա դարձնելը, ոչ միայն որևէ ձևով չի օգնում գերիների վերադարձին, այլև ուղղակիորեն խանգարում է այդ գործընթացին»,- ասաց Անդրանիկ Քոչարյանը:

Նա նաև նշեց՝ յուրաքանչյուր ողջ զինվոր դեռ առաքելություն ունի, որը պետք է կատարի:
«Անկախ նրանից՝ արդյոք ցավը մեր սեփական ընտանիքին է պատկանում, թե ոչ, պատերազմի ընթացքում գերի ընկած յուրաքանչյուր անձ, հերոսաբար ընկած կամ կենդանի մնացած յուրաքանչյուր զինվոր մեր տան անդամն է և մեր պետության արժեքավոր քաղաքացին, որը դեռ առաքելություն ունի իրականացնելու»,- նշեց պատգամավորը:

 

 

Քաղաքականություն

Պատահարներ