Երկրի անվտանգությանը վերաբերվող ցանկացած տեղեկատվություն իրավունք չունի հրապարակվելու կամ քննարկման առարկա դառնալու. Հայկ Չոբանյան

Երկրի անվտանգությանը վերաբերվող ցանկացած տեղեկատվություն իրավունք չունի հրապարակվելու կամ քննարկման առարկա դառնալու։ 

 

Այս մասին, այսօր լրագրողների հետ զրույցում ասաց բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հայկ Չոբանյանը՝ անդրադառնալով հարցին, թե ԱԽ-ի ձայնագրության հրապարակումը նաև տեղեկատվական տեսանկյունից վտանգավո՞ր չէ՝ հաշվի առնելով հանգամանքը, որ մենք Ադրբեջանի հետ մշտապես տեղեկատվական պատերազմի մեջ ենք։

 

«Նախարար նշանակվելուց հետո սկզբունքորեն գտնում եմ, որ մեր ոլորտում կան թեմաներ և մասնավորապես անվտանգային, ռազմաարդյունաբերության թեմաները։ Դրանք պետք է լինեն բացարձակ փակ թեմաներ։ Երկրի անվտանգությանը վերաբերվող ցանկացած տեղեկատվություն իրավունք չունի հրապարակվելու, առավել ևս քննարկման առարկա դառնալու»: Նախարարը միաժամանակ ասաց, որ նախարարության դռները բաց են բոլորի առաջ և համապատասխան ստորաբաժանումները, որոնք զբաղվում են այդ խնդիրներով, պատրաստ են առանձնահատուկ ուշադրություն դարձնել և քննարկել ցանկացած առաջարկություն, նախաձեռնություն։ «Տեղեկատվական անվտանգության, տեղեկատվական գրագիտության, մշակույթի մակարդակը մեզ մոտ էապես պետք է բարձրացնել, եթե ուզում ենք իրապես հաղթել»,- ընդգծեց նա:

Հարցին՝ Հակոբ Արշակյանն ի՞նչ ժառանգություն է թողել Ձեզ, ի պատասխան Չոբանյանն ասաց, որ զրոյից նախարարություն կառուցելը հեշտ չէ, իսկ իր գալով սկսվել է նախարարության զարգացման նոր էտապ։ Անդրադառնալով առաջիկա ընտրություններին, նախարարն ընդգծեց. «Այսօր հանրապետությունում բավականին մեծ էմոցոնիալ և քաղաքական ֆոն կա, որը խանգարում է երկիրը զարգացնելուն և դրան նպաստելու են նաև ընտրությունները։ Հուսով եմ, ընտրություններից հետո մենք կխաղաղվենք և գործով կզբաղվենք»։

Քաղաքականություն

Պատահարներ