ՀՖՖ-ն և ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանը դատի են տվել ԼՀԿ առաջնորդ Էդմոն Մարուքյանին

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան եւ ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը դատի են տվել ՀՀ Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանին: Այս մասին տեղեկանում ենք Դատական տեղեկատվական համակարգից:
 

Հայցը ներկայացվել է ապրիլի 15-ին եւ մակագրվել Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Լիլիթ Սարգսյանին:

Մելիքբեկյանն ու ՀՖՖ-ն պահանջում են զրպարտություն պարունակող ոչ հավաստի փաստական տվյալները հրապարակայնորեն հերքել, ինչպես նաեւ պատվին, արժանապատվությանը եւ գործարար համբավին պատճառված ոչ նյութական վնասը հատուցել:
 

Հիշեցնենք, որ մարտի 17-ին Մարուքյանը «Ֆեյսբուք»-ի ուղիղ եթերով անդրադարձել էր «Լոռի» ֆուտբոլայի ակումբի Հայաստանի առաջնությունը լքելու որոշմանը: Նա նշել էր, որ ՀՖՖ ղեկավարության մակարդակով «Լոռի» ակումբի նկատմամբ ապօրինություններ են տեղի ունենում: Մարուքյանը նշել էր, թե բոլոր ոլորտներում այս իշխանության բերած կադրերը իրենց պահում են ամենավերջին խայտառակ ձեւով:

Քաղաքականություն