Ծառահատում, խաղահրապարակի ապամոնտաժում․ Արաբկիրի թաղապետը դիմել է դատախազություն

Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Արամ Դանիելյանը դիմել է դատախազություն՝ Բաղրամյան 79 ա հասցեի սեփականաշնորհման հիմքերի օրինականությունը ուսումնասիրելու նպատակով։ Տեղեկությունը հայտնում է Արաբկիր վարչական շրջանի մամուլի ծառայությունը Facebook-ի պաշտոնական էջում։

Հիշեցնենք՝ օրերս մամուլում և սոցցանցերում լայնորեն տարածվեցին տեղեկություններ այն մասին, որ Բաղրամյան 79ա հասցեում գտնվող կանաչապատ տարածքում կատարվում են ծառահատման և մանկական խաղահրապարակի ապամոնտաժման աշխատանքներ։

 

«Ուսումնասիրությունը ցույց է տվել, որ շուրջ 500 քմ տարածքը սեփականաշնորհվել է ֆիզիկական անձի կողմից։ Հետևաբար, աշխատանքներն իրականացվում են ոչ թե համայնքային սեփականություն հանդիսացող, այլ մասնավոր տարածքում, ինչից ելնելով Երևան համայնքը չունի խնդրին միջամտելու իրավական հնարավորություն»,- նշված է հաղորդագրության մեջ։

Չնայած այս հանգամանքին՝ այնուամենայնիվ, վարչական շրջանի ղեկավարությունը որոշում է կայացրել դիմել դատախազություն՝ հաշվի առնելով այն, որ նշված տարածքը փոքրիկ պուրակ է։

Հաղորդագրության մեջ ընդգծվում է, որ նշված տարածք-պուրակն առերևույթ գտնվում է ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումների ցանկում, հետևաբար, խնդիրն ուսումնասիրելու անհրաժեշտություն կա։

Թաղապետարանից հիշեցնում են, որ նման խնդիր առաջացել էր նաև «Նոր Արաբկիր» զբոսայգու (Մոլոկանի այգի) տարածքում, ինչի առթիվ ևս հարուցված է քրեական գործ:



 

Քաղաքականություն