Ժողովրդի անունից խոսողը ոչինչ թաքցնելու իրավունք չունի՝ նույնիսկ ամենավատ հանգամանքը կամ պայմանավորվածություն. Կոստանյան

Պատերազմից առաջ անհասկանալի՝ ինչ ուզում ենք, այն էլ բանակցում ենք, կամ ինչ պետք է, այն էլ բանակցում ենք դիվանագիտությունը, որին հաջորդեց պատերազմը: Ընթացքում ոչ ադեկվատ ազդակները և թմրեցնող քաղաքականությունը, ինֆորմացիոն բլոկադան, նոյեմբերի 9-ի հայտարարության անսպասելի կնքումը՝ ժողովրդի մեջքի հետևում, որի իրավունքը չունեինք՝ առանց ժողովրդի ներկայացուցիչների հետ քննարկելու:

Պատերազմի արդյունքների և դրա պատճառների հանդեպ լինելու ենք անողոք: Այս մասին ԱԺ-ում ելույթի ժամանակ ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Կոստանյանը:

«Դրանից հետո անհասկանալի սահմանազատում՝ GPS-ով, ոչ հայանպաստ պայմաններով, անհասկանալի քարտեզներով, մարդկանց խուճապ, այս գործընթացի անհեռանկար շարունակություն ՀՀ սահմաններին»,-ասաց ԼՀԿ պատգամավորը:

Պատգամավորը պահանջեց, որ չթաքցնեն որևէ գործընթաց կամ պայմանավորվածություն.

«Ժողովրդի անունից խոսողը ոչինչ թաքցնելու իրավունք չունի՝ նույնիսկ ամենավատ հանգամանքը կամ պայմանավորվածություն: Թուրքադրբեջանական ռազմական վերնախավի կողմից հնչեցվող հայտարարություններին՝ անհամաչափ, անատամ պատասխաններ եք տալիս, կամ պարզապես լռում եք: Եթե չեք կարողանում դիվանագիտորեն համարժեք լեզվով խոսել, ապա պետք է մի կողմ քաշվեք և թողնեք խոսեն նրանք, ովքեր կարողանում են: 

Իսկ ո՞վ է ասել, որ պատերազմում կամ դրանից հետո պետք է անողնաշար և ծուռ կեցվածքով հանդես գանք աշխարհին, մանիպուլացիաներով:

 Բավ է մեղավորներ փնտրել նախկինների կամ դրանց նախկինների մեջ, քանի որ պատերազմի մեկնարկի և դրա ողբերգական ավարտի թիվ մեկ պատասխանատուն դուք եք, քանի որ կարող էիք այն կանխել, բայց չեք արել»,-ասաց Աննա Կոստանյանը:

Քաղաքականություն

Պատահարներ