Սոցաջակցության տարածքային բաժինները ապրիլի 1-ից լուծարվել են. փորձում են նախկիններից ազատվել. News am

Սոցիալական աջակցության տարածքային բաժինները ապրիլի 1-ի դրությամբ լուծարվել են, սակայն աշխատակիցները շուրջ 15 օր է՝ չունեն կարգավիճակ: Այս մասին NEWS.am-ի խմբագրություն են ահազանգել Սոցիլական աջակցության տարածքային բաժինների մի շարք աշխատակիցներ:

«Բաժինները իրականացրել են բազմաթիվ գործառույթներ խոցելի խմբեր ունեցող քաղաքացիների կարիքների բավարարման ուղղությամբ, սակայն ներկայումս չեն կարողանում իրականացնել բնականոն աշխատանքները լուծարման հիմքով: Մինեւնույն ժամանակ առանց որեւէ կարգավիճակի աշխատակիցները ստիպված են տրամադրել տեղեկանքներ, տալ խորհրդատվական օգնություն: Այդ նույն սոցիալական աշխատողները համավարակի եւ պատերազմի ընթացքում անձնուրաց եւ նվիրյալ կերպով 24-ժամյա աշխատանքային գրաֆիկով աշխատել են ամենաանպաշտպան, ամենածայրահեղ, աղքատ ընտանիքների հետ: Ներկայումս աշխատակիցները ստիպված են անտեղյակ սպասել, ավելին՝ դիմումներ են ընդունվել աշխատակիցներից առանց ստացականի կամ որեւէ պաշտոնական արձագանք տալու եւ պարզ չէ՝ արդյոք այդ դիմումները ընդունվել են, թե` ոչ: Փոխնախարարների մոտ քասթինգների են հրավիրում այն մարդկանց, եւ առաջարկում տնօրենի կամ գլխավոր մասնագետի պաշտոն, ովքեր ակնհայտորեն չունեն կառավարման հմտություններ, չեն պատկերացնում սոցիալական պաշտպանության ոլորտը, չեն դիրապետում մասնագիտական ամենատարրական գիտելիքների:

Ավելին, նրանց մեջ կան մարդիկ, ովքեր երբեւիցե չեն աշխատել պետական ոլորտում: Շեշտը դրվում է նախկիններից ազատվելու վրա, մինչդեռ քասթինգների հրավիրվում են ընտրանքային կարգով նախկին աշխատողները եւ ընտրանքային կարգով նշանակվում՝ օգտագործելով մեր հնագույն ավանդույթ դարձած «ԽԾԲ» ասվածը»,- հայտնեցին աշխատռակիցները:

Նշենք, որ ՀՀ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը բազմիցս հայտարարել էր, որ Հայաստանում նոր միասնական մարմնի ձեւավորման պատճառով, որը քաղաքացիներին սոցիալական ծառայություններ կտրամադրի, չորս գործող պետական կառույցներում որեւէ կրճատում չի իրականացվի:

Քաղաքականություն