ՌԴ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Սալիվանը չի պատրաստվում հետևել ռուսական կողմի հորդորներին և մեկնել ԱՄՆ

ԱՄՆ դիվանագիտական շրջանակների աղբյուրները հավաստիացնում են, որ Ռուսաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Սալիվանը չի պատրաստվում մեկնել իր երկիր խորհրդակցությունների: Նման առաջարկություն նրան արել են ապրիլի 16-ին՝ Ռուսաստանի արտգործնախարարությունում կայացած զրույցի ընթացքում: Այս մասին հայտնում է ntv.ru-ն՝ հղում անելով  Axios-ին:

 

Անցյալ շաբաթ Սալիվանը հրավիրվել է Ռուսաստանի Դաշնության նախագահի օգնական Յուրի Ուշակովի հետ հանդիպման, որը խորհուրդ է տվել ամերիկացի դիվանագետին վերադառնալ Վաշինգտոն` իրավիճակը վերլուծելու և Բայդենի վարչակազմի հետ խորհրդակցություններ անցկացնելու համար:

Հիշեցնենք, որ օրերս Ռուսաստանը հայտարարեց ԱՄՆ նոր պատժամիջոցներին արձագանքելու մասին: Ռուսաստանի արտգործնախարարության հայտարարության մեջ ասվում է, որ Ռուսաստանն անորոշ ժամկետով կփակի ութ բարձրաստիճան ամերիկացի պաշտոնյաների մուտքը երկիր: Նաև, Ռուսաստանի Դաշնությունը մտադիր է երկրում արգելել ամերիկյան հիմնադրամների և ՀԿ-ների աշխատանքը, որոնք վերահսկվում են ԱՄՆ Պետդեպարտամենտի և այլ ամերիկյան պետական ​​գործակալությունների կողմից:

Քաղաքականություն

Պատահարներ