Գրեթե բոլոր ադրբեջանական լրատվամիջոցները լուսաբանել են Փաշինյանի Սյունիք կատարած այցն ու բողոքի ակցիաները. փորձագետ Տարոն Հովհաննիսյան

Գրեթե բոլոր ադրբեջանական լրատվամիջոցները լուսաբանել են վարչապետ Նիկոլ Փաշինյանի Սյունիք կատարած այցն ու բողոքի ակցիաները։ Դրանք, իհարկե, ուղեկցվում էին սադրիչ բնույթի հայտարարություններով, անգամ կոչեր էին հնչում Սյունիքին՝ անկախանալ Հայաստանից։ Սա իհարկե դեղին մամուլում էր, սակայն նկատվում է, որ կա ցանկություն այդ ալիքի վրա քարոզչություն իրականացնելու։ Այս մասին Auroranews–ի հետ զրույցում ասաց Ադրբեջանի հարցերով փորձագետ Տարոն Հովհաննիսյանը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչպես է ադրբեջանական մամուլն արձագանքել երեկ Սյունիքում տեղի ունեցած դեպքերին։ 

 

Հովհաննսիյանի մեկնաբանությամբ՝ նրանք փորձել են իրադարձությունները ներկայացնել, որպես Հայաստանի կենտրոնական իշխանության թուլացում Հայաստանի տարբեր շրջանների վրա, առաջին հերթին՝ հարավային Սյունիքի։ Հակառակորդի սադրանքների և հնարավոր բախումների մասին մեր հարցին ի պատասխան, ադրբեջանագետը պատասխանեց. 

«Ադրբեջանը, փաստացի, վերջին շրջանում լարում է իրավիճակը։ Շատ բարդ է ասել այս ամենը կտանի լայնամասշտաբ պատերազմի, թե ոչ, քանի որ դրա վրա ազդեցություն ունեցող տարբեր գործոններ կան, այդ թվում՝ միջազգային խաղացողների դիրքորոշումները՝ Ռուսաստանի և Թուրքիայի գլխավորությամբ։ Սա կից գործոն է, որը բավականին մեծ ազդեցություն ունի։ Ադրբեջանական կողմը այսպիսի սադրանքների միջոցով միտված է ճնշում գործադրել Հայաստանի և Ռուսաստանի վրա, որպեսզի վերջիններս համաձայնություն տան «Զանգեզուրի կամ Սյունիքի միջանցքին»։

 

Այսինքն, Ադրբեջանը փորձում է ստանալ մի միջանցք, որը կունենա առանձին կարգավիճակ, չի լինի ընդհանուր տրանսպորտային ուղիների ապաշրջափակման փաթեթի տրամաբանության շրջանակներում։ Ադրբեջանը ցանկանում է դրա նկատմամբ ունենալ որոշակի իրավունքներ, իսկ Հայաստանը, ըստ նրա, հրաժարվի իր այդ տարածքի վրա ունեցած իրավունքներից»։ 

 

Ամփոփելով խոսքը՝ Տարոն Հովհաննիսյանը հայտնեց, որ իր կարծիքով Ադրբեջանի տարբեր մակարդակներում ձեռնարկած քայլերը, որոնք հիմնականում ուղեկցվում են ուժի և սպառնալիքի միջոցով, ճնշումներ են այդ միջանցքը ստանալու համար։ Ինչ վերաբերում է հակամարտությանը՝ պատերազմից հետո այն ավելի է խորացել և ապագայում, ըստ փորձագետի, նոր բախումները չեն բացառվում։

Քաղաքականություն

Պատահարներ