Օրվա լրահոս

Ադրբեջանի ղեկավարության շրջանում կան ուժեր, որոնք շատ են շահագրգռված Լեռնային Ղարաբաղից հայերին բռնի ուժով դուրս մղելու մեջ։ Sputnik Արմենիային տված հարցազրույցում նման կարծիք հայտնեց ռուս ռազմական փորձագետ, ԱՊՀ երկրների ինստիտուտի Կովկասի բաժնի վարիչ Վլադիմիր Եվսեևը։

Ավելի վաղ Ադրբեջանի զինված ուժերը, կոպտորեն խախտելով 2020 թվականւ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը, կրակ են բացել Ստեփանակերտի, ինչպես նաև Ասկերանի շրջանի Շոշ և Մխիթարաշեն բնակավայրերի ուղղությամբ: Ուշագրավ է, որ կրակել են փոքր տրամաչափի զենքից։ Կրակոցների հետևանքով վնասվել է Ստեփանակերտի բնակելի տան տանիքը։ Իրավապահ մարմինները փորձում են հասկանալ, թե որտեղից են կրակել, քանի որ հակառակորդի վերահսկողության տակ անցած Շուշիից անհնար է Ստեփանակերտը փոքր տրամաչափի զենքերից գնդակոծել։ Միջադեպի հետևանքով տուժածներ չկան։

 

Փորձագետը նշեց, որ Բաքվում դեռևս էյֆորիա է տիրում ռազմական հաջողությունների ֆոնին։ Դրանով է պայմանավորված նման լկտի ու լպիրշ պահվածքը։

 

«Եթե, Աստված չանի, գոնե մեկ ռուս խաղաղապահ վիրավորվի, ապա Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ստիպված կլինի հիշել 2008 թվականի օգոստոսի փորձը (նկատի ունի հակամարտությունը Վրաստանում – խմբ.): Հավանաբար, գնդակոծելով խաղաղ բնակչությանը, Ալիևը հույս ունի, որ ռուս խաղաղապահները կրակի տակ չեն ընկնի։ Բայց եթե էսկալացիան շարունակվի, ապա նրանք էլ կարող են գնդակոծության տակ հայտնվել»,- կարծիք է հայտնել Եվսեևը։

 

Նրա խոսքով՝ եթե նման միջադեպերի արդյունքում գոնե մեկ ռուս զինվորական վիրավորվի կամ, առավել ևս, զոհվի, Մոսկվան կոշտ պատասխան կտա, առավել ևս, որ մինչ այժմ բաց է մնում 2020 թվականի նոյեմբերի 9-ին Ադրբեջանի կողմից խոցված ռուսական ուղղաթիռի անձնակազմի մահվան հարցը:

 

Փորձագետի կարծիքով՝ Ռուսաստանը կարող է վերադառնալ ուղղաթիռի հարցին, և բավական կոշտ ձևով։

 

«Որպեսզի ադրբեջանական իշխանությունը երազանքների գիրկը չընկնի, պետք է ուշադիր լսի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ուղերձը Դաշնային ժողովին։ Այնտեղ հստակ ասված է, որ եթե ինչ-որ մեկը սպառնա Ռուսաստանի ազգային շահերին, ապա շատ կզղջա դրա համար։ Իսկ Լեռնային Ղարաբաղում հայ բնակչության ներկայությունը միանգամայն համապատասխանում է Ռուսաստանի շահերին», - ընդգծել է Եվսեևը։

Անդրադառնալով, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքը» ուժով զավթելու վերաբերյալ Ալիևի սպառնալիքներին, Եվսեևն ասաց, որ Բաքուն փորձում է ճնշում գործադրել հայկական կողմի վրա: Միաժամանակ Եվսեևը հակված չէ Սյունիքի մարզը գրավելու սպառնալիքները կապել Ստեփանակերտի գնդակոծության հետ։ Ռազմական փորձագետը հիշեցրեց, որ Գորիսում ռուսական ստորաբաժանումներ են տեղակայված։ Սակայն ցանկալի կլիներ այնտեղ ռուսական ռազմաբազայի հենակետ ստեղծել, որ այդ «միջանցքի» թեման ամբողջությամբ փակվեր։

 

«Ակնհայտ է, որ եթե Ադրբեջանը հատի Հայաստանի սահմանը, ապա Ռուսաստանը կունենա բոլոր հիմքերը հանրապետության տարածքային ամբողջականության անվտանգության ապահովման իր պարտավորությունները կատարելու համար», - ասել է փորձագետը:

Եվսեևի կարծիքով՝ Ալիևին թվում է, թե Հայաստանի զինված ուժերը որևէ վտանգ չեն ներկայացնում։ Սակայն նա նշեց, որ Ադրբեջանի նախագահն ակնհայտորեն թերագնահատում է Հայաստանի ներուժը։ Ամեն դեպքում ռուսական ռազմական ներկայությունն անհաղթահարելի պատնեշ է Բաքվի համար Հայաստանի տարածքի ուժային զավթման ճանապարհին։

 

Վերջին նորություններ