Դանակի մի քանի հարվածներ ստացած հիվանդանոց է տեղափոխվել «իմ քայլական» գյուղապետի եղբայրը. shamshyan

Երեկ՝ ապրիլի 26-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 13։30-ի սահմաններում «Արտաշատ» բժշկական կենտրոնից Ոստիկանության Արտաշատի բաժին ահազանգ է ստացվել, որ «ձախ ազդրի հետին մակերեսի և գլխի աջ գագաթաքունքային շրջանների կտրած ծակած վերքեր, ձախ նստաներվի վնասում հարցականով» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։ Ինչպես հայտնում է shamshyan. com-ը, հիվանդանոց են ժամանել Ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ Կամո Ցուցուլյանն ու Ոստիկանության Արտաշատի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Դավիթ Պետրոսյանի գլխավորությամբ։ Ժամանել է նաև Արարատի մարզի դատախազ Արմեն Չիչոյանը։ Հիվանդանոցում բժիշկները իրավապահներին հայտնել են, որ վիրավորը ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու, նա բժիշկներին միայն հայտնել է որ վնասվածքները ստացել է վայր ընկնելու հետևանքով։ Մինչ բժիշկները պայքարում էին վիրավորի կյանքի համար, Ոստիկանության Արարատի մարզային վարչության ու Ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողները պարզել են, որ վիրավորը Արարատի մարզի Նորաշեն գյուղի բնակիչ 33-ամյա Պետիկ Հարությունյան է։ Ոստիկանները տաք հետքերով պարզել են նաև, որ նույն օրը ժամը 13։20-ի սահմաններում Արտաշատ քաղաքի կենտրոնական շուկայի տարածքում 3-հոգի վիճաբանել են Պ․ Հարությունյանի հետ, որի ժամանակ էլ նրանցից մեկը դանակի մի քանի հարվածներ է հասցրել Պ․ Հարությունյանին որից հետո երեքով հափշտակել են Պ․ Հարությունյանին պատկանող «Porsche Cayenne» մակնիշի 88 OC 888 համարանիշի ավտոմեքենան և դիմել փախուստի։ Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ հետախուզական միջոցառումներ հանցագործությունը բացահայտելու, նշված անձանց և գողացված ավտոմեքենան ու հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ։ Գ․ Շամշյանի տեղեկություններով վիրավորը Արարատի մարզի Նորաշեն գյուղի գյուղապետի պաշտոնակատար, իմ քայլը անդամ Արտակ Հարությունյանի եղբայրն է և բանգլադեշում հայտնի «նեպտունի համիկի» սանիկն է։ Փաստի առթիվ Ոստիկանության Արտաշատի բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվել և այն փոխանցվել է Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:  

Քաղաքականություն

Պատահարներ