ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ավազակություն Ազատության հրապարակում․ տղան սպառնացել է դանակով ու հափշտակել հեռախոսը

Ոստիկանության Կենտրոնական բաժինը բացահայտել է Երևանի Ազատության հրապարակում տեղի ունեցած ավազակության դեպքը։ Տեղեկությունը հայտնում է ոստիկանության մամուլի ծառայությունը։ 
«Ապրիլի 26-ին ոստիկանություն զանգած երիտասարդը հայտնել էր, որ Ազատության հրապարակում իր ընկերոջը երկու հոգի դանակով սպառնացել են և գողացել բջջային հեռախոսը: Տեղեկությունը փոխանցվեց ոստիկանության կենտրոնական բաժին, որտեղից էլ օպերատիվ խումբը մեկնեց դեպքի վայր: Պարզվեց, որ 16-ամյա մի պատանի ընկերների հետ եղել է Ազատության հրապարակում, երբ նրանց է մոտեցել անծանոթ մի տղա և խնդրել բջջային հեռախոսը: Մերժում ստանալով` տղան վիճել է պատանիների հետ, ապա դանակով հարվածել նրանց ձեռքերին, ապա դանակի սպառնալիքով հափշտակել բջջային հեռախոսն ու փախել»,– նշված է հաղորդագրության մեջ: 

Ավազակության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: 
Կենտրոնականի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ դանակով սպառնացողը մայրաքաղաքի Վիլնյուսի փողոցի 17-ամյա բնակիչ է: Կենտրոնականի ոստիկաններին օգնության են հասել Նոր Նորքի բաժնի անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքի ծառայողները: Նրանց բացատրական աշխատանքի արդյունքում ապրիլի 27-ին 17-ամյա տղան ինքնակամ ներկայացել է Նոր Նորքի բաժին, որտեղից էլ տեղափոխվել է կենտրոնական բաժին և ձերբակալվել: 

Նախաքննությունը շարունակվում է: 
 

Քաղաքականություն

Պատահարներ