Պուտինը և Բայդենը համատեղ մտադիր են երկխոսություն սկսել. հանդիպման դրական և բացասական կողմերը

Ժնևում ավարտվեցին Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ջոզեֆ Բայդենի բանակցությունները: Դա 2018-ից ի վեր առաջին ռուս-ամերիկյան գագաթնաժողովն էր, ինչպես նաև Պուտինի ու Բայդենի՝ որպես պետությունների ղեկավարների, առաջին դեմ առ դեմ հանդիպումը: Միջազգային ԶԼՄ-ներն ու հանրությունը քննարկում են այդ հանդիպումը, փորձում հասկանալ դրա դրական ու բացասական արդյունքները: Հաղորդում է Аrmtimes.com-ը: 

Առաջին դրական ու հուսադրող փաստն այն է, որ գագաթնաժողովը կայացավ, չնայած կողմերի միջև լուրջ տարաձայնություններին: Երկու խոշորագույն տերությունների ղեկավարներն, այնուամենայնիվ, դեմ առ դեմ հանդիպեցին և նստեցին բանակցությունների սեղանի շուրջ, իսկ դա հուշում է, որ դիվանագիտությունը դեռևս առաջնային է միջազգային քաղաքականության մեջ: 

Պուտինի և Բայդենի համատեղ հայտարարության մեջ ասվում է, որ մտադիր են երկխոսություն սկսել ռազմավարական կայունության վերաբերյալ: 
 
«Մենք ձգտում ենք դնել զենքի վերահսկման և ռիսկերի մեղմացման ապագա միջոցառումների հիմքը», - ասված է հայտարարության մեջ: 

Առաջիկայում Ռուսաստանը և ԱՄՆ-ն մտադիր են խորհրդակցություններ սկսել կիբերանվտանգության, բանտարկյալների փոխանակման և զենքի վերահսկման վերաբերյալ: 

Երկու նախագահի հանդիպման արդյունքում լուծվել է դեսպանների վերադարձի հարցը: Մարտին նրանց փոխադարձ հետկանչով ռուս-ամերիկյան հարաբերությունները հայտնվեցին ամենացածր մակարդակում: 

Պուտին-Բայդեն հանդիպումն ուներ նաև բացասական կողմեր: Նախագահների միջև որոշակի պայմանավորվածություններ ձեռք չբերվեցին, ինչն, իրականում ոչ ոք չէր էլ սպասում առաջին հանդիպումից: Վերջին տարիներին երկու երկրի հարաբերություններում կուտակվել են չափազանց շատ չլուծված խնդիրներ, որոնք հնարավոր չէ լուծել մեկ հանդիպման ընթացքում: 

 

Քաղաքականություն