ԱՄՆ-ն՝ Հայաստանի և Ադրբեջանի սահմաննին կատարվողի մասին

Միացյալ Նահանգները Հայաստանին և Ադրբեջանին կոչ է անում սահմանին իրավիճակի ապաԷսկալացման ուղղությամբ անհապաղ քայլեր ձեռնարկել։ Այս մասին ասված է Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Նեդ Փրայսի տարածած հայտարարության մեջ։

«ԱՄՆ-ն դատապարտում է Հայաստանի և Ադրբեջանի միջև միջազգային սահմանի երկայնքով բռնության վերջին էսկալացիան։ Մենք Հայաստանին և Ադրբեջանին կոչ ենք անում կատարել հրադադարի վերաբերյալ իրենց պարտավորությունները՝ անհապաղ քայլեր ձեռնարկելով իրավիճակի ապաէսկալացման ուղղությամբ։

Սահմանին պահպանվող լարվածությունը փաստում է, որ միայն համապարփակ լուծումը, որը թույլ կտա լուծել առանցքային խնդիրները, կարող է կարգավորել երկու երկրների հարաբերությունները և տարածաշրջանի բնակիչներին թույլ կտա միասին խաղաղ ապրել»,- ասված է ԱՄՆ վարչակազմի ներկայացուցչի հայտարարության մեջ։

Բացի այդ, Փրայսը Երևանին և Բաքվին կոչ է արել հնարավորինս շուտ վերադառնալ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների (Ռուսաստան, ԱՄՆ և Ֆրանսիա) հովանու ներքո բանակցություններին:

«ԱՄՆ-ն Հայաստանին և Ադրբեջանին կոչ է անում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո որքան հնարավոր է շուտ վերադառնալ առարկայական բանակցություններին՝ հակամարտության երկարաժամկետ քաղաքական կարգավորմանը հասնելու համար»,- նշվում է հաղորդագրությունում։

Քաղաքականություն