Բացառելի չէ այն հանգամանքը, որ Հայաստանի իշխանությունները հանրությանը նախապատրաստում են նոր զիջումների. Աբրահամյան

Կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանի այսօրվա ելույթը տարածաշրջանում և մեր սահմանների շուրջ ստեղծված ռազմաքաղաքական իրադրության վերաբերյալ ամենատարբեր դիտանկյուններից կարելի է մեկնաբանել կամ վերլուծել, այս մասին գրել է «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար, «Պատիվ ունեմ» դաշինքով ԱԺ պատգամավոր ընտրված Տիգրան Աբրահամյանը։

«Բայց այս պահին կարծում եմ, որ արժե կենտրոնանանք նրա խոսքի հետևյալ հատվածին՝ «իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանագծի երկարությամբ չի կայունանում»: Սա նշանակում է, որ ոչ միայն սահմանային բախումների ռիսկը չի նվազում, այլ դրա վտանգավորության աստիճանի, մասշտաբի ընդլայնման սպառնալիք կա», - նշել է նա։

Ըստ Աբրահամյանի՝ բացառելի չէ այն հանգամանքը, որ Հայաստանի իշխանությունները, որոշակի խտացնելով իրադրային գույներն ու ուռճացնելով սպառնալիքների աստիճանը, հանրությանը նախապատրաստում են նոր զիջումների, սակայն իրավիճակի լրջությունը սրանից չի նվազում:

«Ամեն դեպքում Հայաստանը հայտնվել է տարբեր երկրների շահերի բախման կիզակետում և իրադրության զարգացման տարբեր ուղղություններ են ուրվագծվում», - նշել է նա։

Քաղաքականություն

Պատահարներ