Որոշակի դիտարկումներ են եղել, թե որտեղ կարող են ռուս սահմանապահները տեղակայվել․ Սանոսյան

Փոխհրաձգություն է տեղի ունեցել երեկ գիշեր այն դիրքի ուղղությամբ, որտեղ երեկ մարտական գործողություններ են տեղի ունեցել, մեկ վիրավոր ունենք, վիրավորումը ուսի շրջանում է, նրան վիրահատել են, ամեն ինչ նորմալ է։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը։

Վերջինս նշեց, որ այդ հատվածում ռուս խաղաղապահներ չեն տեղայակվել։

Հարցին՝ ինչ ավարտ են ունեցել ռուս սահմանապահների հետ բանակցությունները, Սանոսյանը ասաց․ «Բանակցությունների ընթացքի մանրամասները ես չեմ կարող հայտնել, որովհետև ի պաշտոնե չեմ զբաղվում դրանով, բայց կարող եմ ասել, որ որոշակի պրոցես եղել է և և կա։ Որոշակի դիտարկումներ են եղել, թե որտեղ կարող են սահմանապահները տեղակայվել»։

Անդրադառնալով այն հարցին, թե ինչու է երեկվանից լրագրողների համար փակ Կութ գյուղի հատվածը, մարզպետը նշեց՝ դա արվել է անվտանգության նկատառումներից ելնելով։

«Կութ գյուղի հատվածում մայիսի 12-ից կա որոշակի առաջխաղացում, հաշվի առնելով սահմանային միջադեպը՝ այդպիսի որոշում է կայացվել։ Սոթքի հանքավայրի աշխատակիցների տարհանումը նույպես եղել է նույն անվտանգության նկատառումներից ելնելով, հանքը այս պահին չի աշխատում։ Երբ անվտանգության խնդիր չի լինի, կսկսեն աշխատանքը»,- ասաց նա:

Հարցին՝ որոնք են եղել երեկ հաստատված հրադադարի պայմանները և արդյո՞ք դրա դիմաց հայկական կողմը որևէ զիջում արել է, Սանոսյանը նշեց․ «Ես պայմաններից տեղյակ չեմ, չգիտեմ՝ եղել է պայման, թե չէ։ Գիտեմ, որ եռակողմ բանակցությունների արդյունքում որոշվել է, որ այսինչ ժամին կրակը պետք է դադարեցնել և հաստատել հրադադար»։

Գնել Սանոսյանը անդրադարձավ նաև մարզի բնակիչների այն խնդրին, որ այս պահին արոտավայրեր չունենալու պատճառով սկսել են վաճառել իրենց անասունները և կանգնել են լուրջ խնդրի առաջ: «Ոչ թե  արոտավայրեր չունեն, այլ կան արոտավայրեր, որոնցից օգտվելու դժվարութուններ կան, ինչը բերել է արոտավայրերի չափի կրճատման։ Որոշ տեղերում բանակային կորպուսի հետ համագործակցել ենք և նրանց աաջակցությամբ կարողանում են օգտագործել արոտավայրերը»,- նշեց Սանոսյանը։

Ինչ վերաբերում է ստեղծված իրավիճակում դպրոցականների համար սեպտեմբերից անվտանգ կրթական գործընթաց կազմակերպելուն՝ Սանոսյանը նշեց, որ այս պահին դեռևս նման քննարկում չեն ունեցել. «Եղել են դեպքեր, երբ նման դեպքերում ուսուցումը տեղափոխել ենք հեռավար, օրերը մոտենան, ըստ իրավիճակի՝ որոշում կկայացնենք»:

Քաղաքականություն