Երևանում՝ մթերային խանութի մոտ, ինքնաձիգից կրակոցներ է արձակել 33-ամյա տղամարդու ուղղությամբ

Երևանում՝ Վերֆելի փողոցում գտնվող մթերային խանութի մոտ փորձել են սպանել 33-ամյա երիտասարդի՝ ինքնաձիգից կրակոցներ արձակելով նրա ուղղությամբ։

28-ամյա երիտասարդը և տուժած տղամարդը նախկինում ունեցել են տարաձայնություններ, որոնք վերածվել են անձնական թշնամանքի, իսկ կրակոցներն արձակվել են ապօրինի կերպով ձեռք բերված 1960թ գործարանային արտադրության «АКМ» տեսակի ակոսափող ինքնաձիգով։ Դեպքի օրը՝ երեկոյան ժամը 20.40-ի սահմաններում երիտասարդն ընկերոջ հետ մոտեցել է խանութին, ապա նկատել, որ խանութ է մտել 33-ամյա տղամարդը, ում հետ ուներ թշնամական հարաբերություններ։ Խանութում այդ պահին գտնվել են նաև խանութի աշխատակցուհին և մեկ հաճախորդ։ Տեսնելով թիրախին՝ երիտասարդը իր ընկերոջ ավտոմեքենայի բեռնախցիկից վերցրել է «АКМ» տեսակի 7.62 տրամաչափով ինքնաձիգը, մոտեցել խանութի մուտքին և կրակոցներ արձակել տուժողի ուղղությամբ՝ վտանգելով նաև այդ պահին խանութում գտնվող մյուս անձանց կյանքը ու ընկերոջ մեքենայով դիմել փախուստի։

Արձակված կրակոցներից տուժողը ստացել է ազդրերի հրազենային գնդակային միջանցիկ և հետույքային շրջանում պատռված ելանցքային վերքերի ձևով մարմնական վնասվածքներ։

Դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում կրակոցներ արձակած տղամարդուն մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածների 2-րդ մասի 6-րդ կետով և 235-րդ հոդվածի 1-ին մասով՝ շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով սպանության փորձի և ապօրինի հրազեն պահելու համար, իսկ ընկերոջը, ում մեքենայով դիմել էր փախուստի, մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 334-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ հանցագործությունը պարտակելու համար։

Երիտասարդի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, ընկերոջ նկատմամբ՝ գրավը։

Քրեական գործով նախաքննությունն ավարտվել է, գործը՝ հաստատված մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել դատարան։

Քաղաքականություն

Պատահարներ