Ինձ ուզում են հեռացնել, քանի որ իրենց թիմից չեմ.Կապանի համայնքապետ

Կապանի ավագանու միանգամից 8 անդամ հրաժարականի դիմում են ներկայացրել, կազմվել է համապատասխան արձանագրություն և այդ արձանագրությունն ուղարկվել է մարզպետարան։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում այս մասին ասել է Կապանի համայնքապետ Գևորգ Փարսյանը՝ նշելով, որ արձանագրությունը կազմվել է օգոստոսի 11-ին: 

Կապանի համայնքապետի համոզմամբ՝ սրանով Կապանում ավագանու արտահերթ ընտրություններ կլինեն. 
«Ըստ օրենքի՝ Կառավարությունը պետք է նման որոշում կայացնի, դեռ որոշում չկա, բայց համոզված եմ, որ այդ որոշումը լինելու է»,-ասաց Փարսյանը: 
Կապանին համայնքապետը նշեց, որ ընտրություններից հետո ավագանու 5 անդամի միանգամից ազատել են աշխատանքից Պղնձամոլիբդենային կոմբինատում. 

«Սրա վերաբերյալ քարոզարշավի ժամանակ հայտարարում էր Նիկոլ Փաշինյանը: 38 հոգու ազատել էին Պղնձամոլիբդենային կոմբինատում աշխատանքից, այդ 38-ի շարքից 5 հոգի Կապանի ավագանիներն էին: Աշխատանքից ազատելուց հետո էլ ավագանիներին կանչել են ԱԱԾ՝ բացատրություն տալու, դրանից հետո էլ 8 հոգի լիազորությունները վաղաժամ դադարեցնելու վերաբերյալ դիմում են ներկայացրել»,-ասաց Փարսյանը: 

Կապանի համայնքապետն այստեղ հատուկ միտում է տեսնում. 

«Ինձ ուզում են հեռացնել, քանի որ ես իրենց թիմից չեմ, պատերազմից հետո դեմ եմ արտահայտվել նրանց»: 

Իսկ թե ինչո՞ւ է գործընթացներն իրականացվում հատկապես Սյունիքի համայնքապետերի նկատմամբ, Փարսյանը նկատեց. 
«Պատերազմից հետո ամենաըմբոստ մարզը Սյունիքն էր»,-ասաց Փարսյանը:

Քաղաքականություն

Պատահարներ