Հրազդանի դաշտում 31-ամյա բնակիչը դանակահարել էր 33-ամյա տղամարդու

Օգոստոսի 15-ին Հրազդան քաղաքում դանակահարություն էր եղել: Ժամը 19.30-ի սահմաններում երկու տղամարդ Միկրոշրջան թաղամասում կենցաղային հարցերի շուրջ վիճել էին, քաշքշել իրար, և վեճն ավարտվել էր դանակահարությամբ: 
Դեպքից րոպեներ անց բժշկական կենտրոնից ոստիկանության Հրազդանի բաժին ահազանգ ստացվեց, որ կրծքավանդակի ձախ կեսի ծակած-կտրած վերքով 33-ամյա տղամարդ է բժշկական կենտրոն տեղափոխվել: 


Դեպքի առթիվ հարուցվեց քրեական գործ: Հետաքննություն իրականացնող մարմինը բացահայտման ուղղությամբ տարաբնույթ միջոցառումներ ձեռնարկեց` հիվանդանոցում համապատասխան արձանագրություններ կազմելուց մինչև օպերատիվ հարցումներ: 

Իրավապահների հետևողական աշխատանքի շնորհիվ հաղորդումից մեկ օր անց պարզվեց կասկածյալի ինքնությունը: 
Քրեական հետախույզները տեղեկություններ ստացան, որ Միկրոշրջան թաղամասի շենքերից մեկի հարակից դաշտում տուժողին դանակահարել էր նույն թաղամասի 31-ամյա մի բնակիչ: Բացատրական աշխատանքի շնորհիվ օգոստոսի 16-ին տղամարդը ներկայացավ ոստիկանության Հրազդանի բաժին: 
Նա ներկայացվել է Կոտայքի մարզային քննչական վարչություն և տվել խոստովանական ցուցմունք: 


Միջոցառումներ են ձեռնարկվում՝ դանակը հայտնաբերելու ուղղությամբ: 
Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

Քաղաքականություն