Երևանում 10 հոգուց ավելի անձինք ծեծի են ենթարկել քնած քաղաքացուն․ քրգործ է հարուցվել միայն խուլիգանության հատկանիշներով

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում ՀՀ քր օր-ի 258 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քրգործը հարուցվել է օգոստոսի 19-ին՝ Երևանում տեղի ունեցած վիճաբանություն-ծեծկռտուքի փաստով: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում նշված միջադեպին մասնակցություն ունենալու կասկածանքով ոստիկանության Նոր Նորքի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները որպես կասկածյալներ Նոր Նորքի ոստիկանություն են բերման ենթարկել Մասիս քաղաքի բնակիչներ, 21-ամյա Արման Բ.-ին և 22-ամյա Էդգար Գ.-ին:

Վերջիններս ոստիկանությունից ներկայացվել են Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժին: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ևս 2 հոգի ոստիկանությունից ներկայացվել են քննչական բաժին, սակայն մինչև այժմ ոստիկանությունը չի կարողանում հայտնաբերել Lexus մակնիշի ավտոմեքենան, որով դեպքի վայրից ծեծկռտուքի մասնակիցները հեռացել են, իսկ տուժածը, ով զբաղվում է ձմերուկի առևտրով, քնած է եղել, երբ մոտ 10 հոգի գաղտագողի հարձակվել են նրա վրա և ծեծի ենթարկել ու չի բացառվում, որ նախաքննությոն ընթացքում կատարվածը վերավորակվի և քրեական գործ հարուցվի այլ հոդվածով:

 

Ավելի վաղ հայտնել էինք, որ ըստ լրատվակայքի տեղեկությունների՝ ոստիկանության Նոր Նորքի բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր էին նախապատրաստվում օգոստոսի 19-ին Երևանում տեղի ունեցած ծեծկռտուքի փաստով։ Այդ օրը, ժամը 20։00-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Դավիթ Բեկի փողոցում՝ արագաչափի մոտ, մի խումբ անձանց միջև վիճաբանություն էր տեղի ունեցել, որը վերածվել էր ծեծկռտուքի։

 

Որոշ ժամանակ անց «Էրեբունի» բժշկական կենտրոնից ոստիկանության Նոր Նորքի բաժին ահազանգ էր ստացվել, որ «գլխի գագաթային շրջանի և կզակի շրջանի պատռված վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։ Հիվանդանոց մեկնած ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ խումբը պարզել էր, որ հիվանդանոց տեղափոխվածը Երևանի բնակիչ՝ 38-ամյա Ռոման Ջնդոյանն է, ով հիվանդանոց էր տեղափոխվել նշված վիճաբանություն-ծեծկռտուքի վայրից։

Քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ վիճաբանության վայրում Ռոման Ջնդոյանի և Lexus մակնիշի ավտոմեքենայի անհայտ ուղևորների միջև վիճաբանություն էր տեղի ունեցել, ինչի հետևանքով էլ Ռ. Ջնդոյանը վնասվածքներ էր ստացել։ 

Քաղաքականություն

Պատահարներ