Օրվա լրահոս

Խորհրդարանի բարձր ամբիոնից առավել քան հստակ հայտարարելով, որ հայ գերիների խոշտանգումների մասին լուրերը «հնարած» են, Ալեն Սիմոնյանը փաստորեն ժխտեց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի ասածը: Այս մասին հայտարարություն է տարածել ԱԱԾ պահեստազորի սպաների միությունը:

Հայտարարությունում նաեւ ասվում է. «Մինչդեռ մենք առավել քան վստահ ենք, որ մարդկային ու պրոֆեսիոնալ բարձր հատկանիշներով օժտված Ա. Թաթոյանը հայտարարությունն արել է` հիմք ունենալով հայ գերիների հետ զրույցները, որոնք փաստաթղթավորվել են և մոտ ապագայում կշրջանառվեն միջազգային հնարավոր բոլոր հարթակներում:

Մեր աշխատանքային փորձը ևս վկայում է, որ ադրբեջանական հատուկ ծառայություններն անմարդկային, դաժան վերաբերմունք դրսևորել են նաև մինչ այս պատերազմը գերության մեջ հայտնված բազմաթիվ անձանց նկատմամբ, դա նրանց գործելաոճն է, պետական քաղաքականությունը:

Խորապես մտահոգիչ է խոշտանգումների հնարովի լինելու մասին Ա. Սիմոնյանի հայտարարությունը, ով կարծես թե հանձնառել է ադրբեջանաթուրքական շահերը պաշտպանելու, նրանց գործողություններն արդարացնելու գործառույթը: Այնինչ պետությունը ներկայացնող անձինք պարտավոր են հանդես գալ հայանպաստ դիրքերից, կոչված են լինել երկրի գաղափարախոսն ու շահերի պաշտպանը, այլապես նման պաշտոնյայի վարքագիծը լուրջ կասկածների տեղիք է տալիս»:

Վերջին նորություններ