«Այս պաստառն իմ անձնական նախաձեռնությունն է և կապ չունի կուսակցության հետ»․ հայտնի է, թե ով է հայտնի պաստառի հեղինակը

Պուտինի նկարով և «Հավերժ միասին» գրությամբ պաստառն իմ անձնական նախաձեռնությունն է և կապ չունի կուսակցության հետ։ Այս մասին ArmDaily.am-ի հետ զրույցում ասաց Հայաստանի կոմունիստական կուսակցության անդամ Երջանիկ Ղազարյանը։

 

 «Ես ինքս դա գտնում եմ շատ նորմալ և դա իմ անձնական նախաձեռնությունն է, ոչ թե կուսակցության։ Դա իմ քաղաքացիական դիրքորոշումն է, քանի որ գտնում եմ, որ եթե Փարաքարի ճանապարհին կարող է լինի Բայդեն, որ Ամերիկան պատմության ընթացքում ոչինչ չի արել Հայաստանի համար, առավել ևս որ մենք 300 տարուց ավել ունենք բարեկամություն Ռուսաստանի հետ և գտնում ենք, որ դա ճիշտ է և անարդար է, որ լինի Բայդենը, ինչ մի հատ ցեղասպանություն եզրույթ է արտահայտել, իսկ Ռուսաստանը դեռևս 1995 թվականին ընդունել է Ցեղասպանությունը»,-ասաց Ղազարյանը։

Պաստառները տեղադրելու համար գումարների մասին էլ ասաց, որ կան մարդիկ, բարերարներ, նվիրատվություն անողներ, որոնք ցանկացել են գաղտնի մնալ։ «Հայաստանից էլ կան, Ռուսաստանից էլ կան, Հայաստանի քաղաքացի են Ռուսաստանում են ապրում, հայազգի են, քանի որ մենք համակիրներ ունենք ամբողջ աշխարհում սփռված՝ Սփյուռքում էլ ունենք, ԱՄՆ-ում, բոլոր տեղերում, որտեղ կան, որտեղ ունենք հայազգի ներկայացուցիչներ, որոնք նվիրված են Հայաստանին ու ուզում են, որ մեր հայրենիքը զարգանա, իսկ թե երբ է Հայաստանը զարգացել՝ բոլորս գիտենք երբ է եղել»,-ասաց Ղազարյան։

 

Նա համոզված է, որ Հայաստանում բացի Ռուսաստանից, ոչ ԱՄՆ-ն, ոչ այլ երկիր չունի ու չի կարող ունենալ ռազմական ներկայացվածություն, քանի որ Վրաստանի ու Ուկրաինայի օրինակով տեսել են, թե ինչ է եղել այդ երկրների հետ։ Անդրադառնալով Հայաստանի՝ Ռուսաստանի կազմ մտնելու վերաբերյալ իր տեսակետին, ասաց, որ դա միակ տարբերակը կլինի պահպանելու այն, ինչ մնացել է, քանի որ վերջին երեք տարիները ցույց տվեցին անկազմակերպվածությունը, ինչի արդյունքում միայն կորցնում ենք։ «Իսկ այս դեպքում գոնե Ռուսաստանը թույլ չի տա, որ ավելին կորցնենք, ժողովուրդն էլ կբարգավաճի, Հայաստանն էլ կզարգանա։ Ամեն դեպքում հայն ու հայի ինքնությունը կպահպանվի»,-ասաց վերջինս։

Ինչ վերաբերում է ՏԻՄ ընտրություններին, ապա Գորիսում իրենց շանսերը բավականին բարձր է գնահատում։ «Մեր շանսերը գնահատում եմ բավականին բարձր։ Այս երեսուն տարիները ցույց են տվել, որ այս անկախության երեսուն տարիները դա կախվածության տարիներ են եղել ու ժողովուրդն ունեցել է միայն կորուստներ։ Իսկ մենք մեր իշխանության ժամանակ, մեր աշխատելաոճով միշտ ապացուցել ենք, որ միշտ եղել ենք ժողովրդի կողքին, աշխատել ենք ժողովրդի համար»,-ասաց Ղազարյանը։ Նա վստահ է, որ չնայած ժամանակները այլ են, բայց իրենց գլխավոր նպատակը խորհրդային միության վերակերտումն է միգուցե այլ տարբերակով և որպես օրինակ բերեց Եվրամիությունը, որը Խորհրդային Միության կրկնօրինակն է։

 

Խոսելով Գորիսի քաղաքապետի իրենց թեկնածուի մասին՝ ասաց. «Մենք չենք անձնավորում, դա կուսակցությունն է մասնակցելու ընտրություններին, նրանք ձայն են տալու կուսակցությանը, կուսակցության ծրագրին առաջին հերթին, իսկ ավելին ասեմ՝ թեկնածուն կին է և Գորիսի պատմությոան մեջ առաջին դեպքն է, երբ քաղաքապետի թեկնածուն կին է՝ Իսախանյան Անահիտը, նա երկար տարիներ ուսուցչուհի է աշխատել, մանկավարժ է։

Նա մեծ հարգանք է վայելում և երկրորդ համարին էլ Գորիսում բոլորը գիտեն՝ Մայսուրյան Մարտինն է՝ Շրջկոմի առաջին քարտուղարն է, որը երկար տարիներ թե սովետական տարիներին է աշխատել, թե դրանից հետո»։ Հավելենք, որ Երջանիկ Ղազարյանը հաստատեց, որ Գյումրիում Պուտինի պաստառները ևս ինքն է տեղադրել իր անձնական նախաձեռնությամբ։

Քաղաքականություն