Պեսկովը` Պուտինի ինքնամեկուսացման մասին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, անցնելով ինքնամեկուսացման, կատարում է անհրաժեշտ թեստերը, ասել է ՌԴ պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

 

Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնի հետ զրույցում նշել էր, որ իր շրջապատում կորոնավիրուսի հայտնաբերված դեպքերի հետ կապված՝ նա պետք է պահպանի ինքնամեկուսացման ռեժիմը։

«Նրանք կատարում են անհրաժեշտ թեստերը: Մասնագետները, բժիշկներն անում են այն ամենը, ինչն անհրաժեշտ է այս իրավիճակում», – լրագրողներին ասել է Պեսկովը:

 

Նաև պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք Պուտինն ինքնամեկուսացման ընթացքում օգտագործում է «Սոցիալական մոնիտորինգ» ծրագիրը՝ նա նշել է, որ պետության ղեկավարը չի օգտագործում այն:

«Մենք բազմիցս խոսել ենք այդ մասին: Իհարկե, պետության ղեկավարի աշխատանքային ռեժիմը, նրա անվտանգության ապահովման ռեժիմը չի նախատեսում այդպիսի հնարավորություն և, ամենակարևորը՝ նման ծրագրերին մասնակցելու անհրաժեշտություն», – հավելել է Պեսկովը:

Ինքնամեկուսացումը ոչինչ չի փոխում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի աշխատանքում։

«Դա (ինքնամեկուսացում) ոչ մի կերպ չի հանգեցնում նրա շփումների շրջանակի նեղացման և աշխատանքային գրաֆիկի տեմպերի դանդաղեցման: Ըստ էության, դա ոչինչ չի փոխում»,-ասել է Պեսկովը լրագրողներին: 

Քաղաքականություն