Երևանում հրազենային վնասվածքներ ստացած 23-ամյա երիտասարդը մահացել է. նախկին պատգամավորի որդին դեռ հիվանդանոցում է

Shamshyan.com-ի տեղեկություններով, այսօր՝ սեպտեմբերի 26-ին, թիվ 1 Համալսարանական հիվանդանոցում, հրազենային վնասվածքներով ծայրահեղ ծանր վիճակով ընդունված՝ Տավուշի մարզի բնակիչ, 23-ամյա Արման Խաչատրյանը, վերակենդանացման բաժանմունքում գիտակցության չգալով, մահացել է:   Ինչպես հայտնում է լրատվակայքը, վերջինս հիվանդանոց էր տեղափոխվել սեպտեմբերի 24-ին, ԱԺ նախկին պատգամավոր, ՀՀԿ-ական Գագիկ Մելիքյանի որդու՝ 24-ամյա Սերգեյ Մելիքյանի հետ: Վերջինս նույնպես վնասվածքներ է ստացել:  

 

 Հիշեցնենք, որ, սեպտեմբերի 24-ին կրակոցներ էին հնչել Երևանում։ Ժամը 02։40-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Աբովյան փողոցում՝ «Կինո Մոսկվայի» հարևանությամբ, կրակոցներ էին հնչել, և կաին վիրավորներ։ Ոստիկանության ծառայողները պարզել էին՝ վիրավորներն են Տավուշի մարզի բնակիչներ՝ 23-ամյա Արման Խաչատրյանը և 24-ամյա Սերգեյ Մելիքյանը։ Ըստ բժիշկների հայտնածի՝ վերջիններս ի վիճակի չէին կատարվածի մասին բացատրություններ տալու, քանի որ նրանցից մեկը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում, մյուսն էլ՝ միջին ծանր, և գտնվում են վիրահատարանում։ Shamshyan.com-ի տեղեկություններով՝ ոստիկաններն ու քննիչները տաք հետքերով պարզել էին, որ վիճաբանությունը տեղի էր ունեցել Աբովյան 3/1 հասցեում գործող «ԷՎՆ» սրճարանում առաջացող վիճաբանության ժամանակ, որն այնուհետև շարունակվել է սրճարանից դուրս՝ Աբովյան 5 և 7 հասցեների միջև ընկած միջանցիկ ճանապարհին, որտեղ էլ անհայտ անձը դեռևս չպարզված տեսակի հրազենից մի քանի անգամ կրակոցներ էր արձակել Ս. Մելիքյանի և Ա. Խաչատրյանի ուղղությամբ։

Քաղաքականություն

Պատահարներ