Մեկ տարի առաջ` ժամը 7։10-ին Ադրբեջանը լայնամասշտաբ ագրեսիա սկսեց Արցախի դեմ

Ուղիղ մեկ տարի առաջ՝ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին, առավոտյան ժամը 7։10-ին, Ադրբեջանը լայնամասշտաբ ագրեսիա սկսեց Արցախի Հանրապետության դեմ: 

Մարտական գործողություններն ընթացան արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով, ինչպես նաև հայ-ադրբեջանական շփման գծի որոշ հատվածներում, եւ տեւեցին 44 օր: Միաժամանակ շփման գծի գրեթե բոլոր ուղղություններով թշնամին օդուժի, հրետանու, անօդաչուների կիրառմամբ հարձակում սկսեց՝ այդ թվում հրթիռակոծելով խաղաղ բնակավայրերը։ 

 

Թուրք–ադրբեջանական ուժերի սանձազերծած պատերազմի առաջին օրը Հայաստանում և Արցախում հայտարարվեց ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք։ 

 

Պատերազմի 44 օրերի ընթացքում Ադրբեջանը կիրառեց միջազգային իրավունքով արգելված զինատեսակներ՝ կասետային հրթիռներ, ֆոսֆորային զինամթերք, բայրաքթարներ, թիրախավորեց Արցախի և Հայաստանի քաղաքացիական բնակչությանը, ենթակառուցվածքները: Թուրքիայի օգնությամբ պատերազմից առաջ և դրա ամբողջ ընթացքում սիրիացի հազարավոր վարձկան–ահաբեկիչներ տեղափոխվեցին Ադրբեջան և ուղարկվեցին Արցախյան ռազմաճակատ։ Սիրիայի Մարդու Իրավունքների Մոնիթորինգի կենտրոնի տվյալներով՝ Լեռնային Ղարաբաղում մարտերում ներգրավված սիրիացի գրոհայինների ընդհանուր թիվը հասել է առնվազն 2350-ի, որոնցից 320-ը վերադարձել է Սիրիա՝ հրաժարվելով վճարից և մարտերին մասնակցելուց: 

 

2020 թվականի նոյեմբերի 9-ին Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների կողմից ստորագրվեց եռակողմ հայտարարություն, ըստ որի՝ Արցախի Հանրապետության տարածքի մեծ մասը հանձնվում է Ադրբեջանի վերահսկողությանը՝ Քարվաճառի շրջանը, Ակնայի շրջանը, Լաչինի շրջանը՝ բացառությամբ Լաչինի միջանցքի, Շուշի քաղաքը, Հադրութի շրջանի մեծ մասը, Ասկերանի և Մարտակերտի շրջանի որոշ գյուղեր, իսկ Արցախի հանրապետության մնացած տարածքի անվտանգությունն այժմ պահպանում են ռուս խաղաղապահները։

 

Աղետալի պատերազմի հետեւանքով հայկական կողմը ունեցել է, պաշտոնական տվյալով, առնվազն 4000 զոհ, կան հարյուրավոր անհետ կորածներ եւ գերիներ։

Քաղաքականություն

Պատահարներ