Երևանում. «յաշիկի» վարորդը «Բելաջիո» ռեստորանի մոտ դուրս է եկել հանդիպակաց ու դարձել ավտոմեքենաների ջարդի հեղինակ

Այսօր՝ սեպտեմբերի 27-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:40–ի սահմաններում Mercedes G  մակնիշի ավտոմեքենան Մյասնիկյան պողոտայում՝ դեպի  Հերացու թունել ընթանալիս, դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, անցել բաժանարար գոտու վրայով, բախվել Opel  մակնիշի ավտոմեքենային, այնուհետև առաջ ընթանալով՝ բախվել  մեկ այլ Opel  և Nissan մակնիշի ավտոմեքենաներին: 

 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է  ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով մեկ հոգի բժշկական հետազոտման նպատակով տեղափոխվել է հիվանդանոց: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոնը: Օպերատիվորեն ժամանել են նաև  ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի պարեկները՝ գնդի հրամանատարի տեղակալ Անդրանիկ Իսախանյանի գլխավորությամբ:  

 

Պարեկները սահմանազատել են տարածքը, և տեղում ուժեղացված ծառայություն  են կատարում, որպեսզի խցանում տեղի չունենա:  Դեպքի վայրում պարեկները մի քանի երիտասարդների հորդորեցին,  որպեսզի սահմանազատված գոտուց դուրս գան, սակայն նրանց մեջ  մեկ հոգի կար, ով սկսեց անհարգալից վերաբերմունք ցուցաբերել պարեկների նկատմամբ, նրանց անվանելով «գեղցիներ», «աբիժնիկներ» և,  որ պարեկները չգիտեն, որ նրա «ախպերը համակարգում ով ա» և էլի մի քանի անհոդաբաշխ  արտահայտություններ հնչեցրեց:  Ա. Իսախանյանն ու պարեկները նրան հորդորում էին, որպեսզի դադարեցնի նման վերաբերմունք ցուցաբերել, սակայն նա իրեն  դնում էր «անհաղթ աքլորի տեղն» ու անգամ հրմշտում էր պարեկներին: 

 

 Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորի ինքնությունը: Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ էլ ասում էին. «էս ինչ բան էր, պարեկների նկատմամբ նման անհարգալից վերաբերմունք  ցուցաբերողին չփռեցին ասֆալտին, տանեն:  Մի հատ միտինգ անող լիներ, հիմա կարմիր բերետների  մի ամբողջ բանակ էր եկել, թե՞ որ ասեց ախպերս ձեր համակարգի աշխատողա, դրա համար պարեկները զադնի դրեցին»: 

Քաղաքականություն