Իսրայելի 55-ամյա քաղաքացին կասկածվում է Երևանում 56-ամյա տղամարդուն սպանելու մեջ

Երեկ՝ սեպտեմբերի  28-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի պետ Ռոման Մախմուդյանի որոշմամբ քննչական խմբի ղեկավար նշանակված, նույն բաժնի հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ  Վահե Աճեմյանը միջնորդություն է ներկայացրել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակի նստավայր, որպեսզի դատարանը որպես խափանման միջոց երկամսյա կալանքի որոշում կայացնի Հայաստանի և  Իսրայելի քաղաքացի,  55-ամյա Յուրի Մ.-ի նկատմամբ: 

 

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, դատարանը դռնփակ դատական նիստն անցկացնելուց և խորհրդակցական սենյակից վերադառնալով,  բավարարել է քննիչի միջնորդությունը և Յուրի Մ.-ն, ով կասկածվում է 56-ամյա Վաղինակ Ե.-ին սպանելու մեջ, կալանավորվեց  և դատարանից տեղափոխվեց  ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկ: Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, սեպտեմբերի 26-ին սպանություն էր տեղի ունեցել Երեւանում: 

 

Ժամը 00:50-ի սահմաններում ոստիկանության Մաշտոցի բաժնից ահազանգ էր ստացվել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 9-11 Ճգնաժամային կառավարման կենտրոն, որ անհրաժեշտ է հրշեջ-փրկարարների  օգնությունը, որպեսզի կարողանան բացել Սիսակյան 6 շենքի բնակարաններից մեկի դուռը: Փրկարարներն ու ոստիկանները տեւական ժամանակ դռան զանգն էին հնչեցնում, որպեսզի դուռը բացեին, քանի որ Մաշտոցի ոստիկանները օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ ներսում մարդ կա: Տեսնելով, որ դուռը չեն բացում, փրկարարները ընթերակաների ներկայությամբ բացեցին դուռը, որտեղ հյուրասենյակի  հատակին հայտնաբերում են տղամարդու դի: 

 

Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին. «Մինչ ոստիկաններն ու քննիչները հյուրասենյակում դատաբժշկի գլխավորությամբ զննում էին դին, լավ էր, ոստիկանները ճիշտ կողմնորոշվեցին եւ հենց բնակարանի մեկ այլ սենյակում հայտնաբերեցին սպանությունը կատարող ենթադրյալ կասկածյալին»: 

 

Կայքի տեղեկություններով՝ կասկածյալը Հայաստանի եւ Իսրայելի քաղաքացի 55-ամյա Յուրի Մ.-ն է, ով բնակարանից բերման ենթարկվեց ոստիկանության Մաշտոցի բաժին: Տեղում ոստիկաններն ու քննիչները պարզել էին, որ սպանվածը նշված բնակարանի բնակիչ, 56-ամյա Վաղինակ Ե.-ն էր: Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն, նրա մարմնի վրա կար սուր կտրող-ծակող առարկայի հարվածից ստացած մի քանի վնասվածք: Փաստի առթիվ Աջափնյակ եւ Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ՀՀ․  Քր.Օր.-ի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել էր քրեական գործ: Ոստիկաններն ու քննիչները դեպքի վայրում հայտնաբերել էին արնանման հետքեր, արյունոտ մի քանի դանակներ, իսկ խոհանոցային մեկ դանակն էլ հայտնաբերվել է սպանվածի պարանոցի վրա:

 

Քաղաքականություն

Պատահարներ