Ադրբեջանում հիմնականում այն թեզն էր պտտվում, որ Մարտակերտում ռուս խաղաղապահներն են սպանել խաղաղ բնակչին․ փորձագետ․ «Փաստինֆո»

Պատերազմից հետո Ադրբեջանը 2 թեզի ուղղությամբ է աշխատում: Առաջինը դա արցախահայությանն ամեն կերպ ահաբեկելն է, իսկ երկրորդը՝ Արցախում գտնվող ռուս խաղաղապահների առաքելությունը թիրախավորելն է: «Փաստինֆո»-ի հետ զրույցի ժամանակ նման կարծիք է հայտնել Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը՝ անդրադառնալով Մարտակերտում հոկտեմբերի 9-ին տեղի ունեցած դեպքին:

 

Հիշեցնենք, որ երեկ՝ հոկտեմբերի 9-ին, թշնամու դիպուկահարից Մարտակերտի 55-ամյա բնակիչ է մահացել:

Փորձագետը նշեց, որ Ադրբեջանն ամեն ինչ անում է, որ Արցախի բնակչությունը մտածի, թե նրանք կա՛մ պետք է լքեն տարածքը, կա՛մ էլ պետք է Ադրբեջանի տիրապետության տակ լինեն՝ որպես էթնիկ փոքրամասնություն:

 

«Ադրբեջանը փորձում է տեղի բնակչությանը համոզել, որ խաղաղապահ առաքելությունն Արցախում ֆիկտիվ բնույթ է կրում և ոչ թե եկել են ապահովելու արցախահայության խաղաղ կեցությունը, այլ ուղղակի որևէ գործով չի զբաղվում: Երեկ ուշադիր հետևում էի, թե Ադրբեջանի սոցցանցերում ինչ էր կատարվում այս դեպքի շուրջ: Հիմնականում այն թեզն էր պտտվում, որ Մարտակերտում ոչ թե ադրբեջանցիներն են կրակել քաղաքացիական անձի վրա, այլ հենց ռուս խաղաղապահներն են սպանել»,- նշել է Գառնիկ Դավթյանը:

 

Վերջինս նշեց, որ Ադրբեջանի նպատակը նախ հայաթափելն է, իսկ եթե դա չստացվի, ապա տարբեր պրովոկացիաներով ստիպելու են, որ վախի մթնոլորտում ապրեն: Ադրբեջանական կողմը փորձագետի կարծիքով չի էլ փորձելու կառուցողական դաշտ գալ կամ փորձել իրեն ցույց տալ որպես խաղաղության ձգտող պետություն:

Քաղաքականություն

Պատահարներ