Խուզարկություն է իրականացվել հայտնի ԲԿ-ներից մեկում․ եղե՞լ են կեղծ պատվաստումներ․ «Հրապարակ»

Կեղծ պատվաստումների թեմայով վարչապետի ձերբակալելու ու կալանավորելու հրահանգներից հետո, կառավարության նիստի հենց հաջորդ օրը տեղեկացանք, որ ԱԱԾ-ն խուզարկություն է արել «Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի պոլիկլինիկայում եւ հայտնաբերել պատվաստումների կեղծ տեղեկանքներ: Մարդկանց է բերման ենթարկել, այդ թվում` թերապեւտներից մեկին:   Այս մասին հայտնում է «Հրապարակ»-ը, հավելելով․  «Մեզ հասած տվյալներով, ԱԱԾ-ականները, ուսումնասիրելով էլեկտրոնային տվյալների բազան, դուրս են գրել այն դեպքերը, երբ քաղաքացին, չլինելով երկրում, պատվաստումը վավերացնող QR կոդ է ներկայացրել: Պարզվել է, որ նա «պատվաստվել» է Հայաստանից բացակայելով: Միայն «Գրիգոր Լուսավորիչում» մոտ 40 կեղծ տեղեկանք են հայտնաբերել: Տվյալներ կան, որ Երեւանի քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող այլ պոլիկլինիկաներում եւս կեղծ տեղեկանքների տրամադրման դեպքեր են հայտնաբերվել: Սակայն միանշանակ պնդել, թե մեղավոր են բժիշկները, չի կարելի: Անցել է 3 օր, այս տեղեկատվության մասին պաշտոնական հաղորդագրություն չկա: Չի բացառվում, որ իրավապահներն ամեն ինչ արել են, ցույց տալու համար, թե կատարում են Փաշինյանի հրահանգը, իսկ հիմա փաստեր են «դզում-փչում»: Ճի՞շտ է, որ ներկայում այլ բուժհաստատություններում էլ են խուզարկություններ ընթանում, եւ ի՞նչ են հայտնաբերել: ԱԱԾ-ից պատասխանում են. «Հետեւեք պաշտոնական լրահոսին»:   

 

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ տնօրեն Արման Հովակիմյանը լրատվականի հետ զրույցում ասել է, որ այս պահին ոչ մի ձերբակալված կամ կալանավորված աշխատակից չկա, ուսումնասիրություններ են կատարում: «Մի բժիշկ չի, մի քանի բժիշկներ են գնացել, հարցերի են պատասխանել, դուրս են եկել: Ավելի ինֆորմացիայի չեմ տիրապետում: Որպես տնօրեն, ես ոչնչի չեմ խառնվում, որ անաչառ, օբյեկտիվ քննություն լինի»,- ասել է նա: 

 

Հովակիմյանն ասում է, որ տարատեսակ լուրերը վնասում են ԲԿ գործարար համբավին: «Ի՞նչ անենք, մենք էնքան լավ գործեր ենք արել, ու միեւնույն է, մեր համբավն այսպես, թե այնպես գցել են մամուլում: Մենք սովորել ենք վերջին երկու-երեք տարիներին աշխատանքով ցույց տալ մեր արդյունքը: Բացասական բաներ էլ եթե լինում են, ցավում ենք, շտկում ենք»: 

Քաղաքականություն

Պատահարներ