Օրվա լրահոս

Կառավարությունը Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի կանոնադրական կապիտալում նորաստեղծ ազգային ավիաընկերության բաժնետոմսերի դիմաց վճարման նպատակով ներդնում է 4 մլրդ 733 մլն 720 հազար դրամ:

 

«Գործարքն իրականացրել ենք հաշվարկի պրոֆեսիոնալ գնահատման արդյունքում և որպես ծրագիր ստացել ենք առավելագույն կենսունակ մոդել: Մենք պարզապես ավիաընկերություն չենք գրանցում, որը տեսականորեն կարող էր դառնալ վերջին 20-25 տարիների ընթացքում նման փորձերից մեկը: Այս ծրագրով մենք ստեղծում ենք ազգային մրցունակ ավիափոխադրող, որն արդեն ի սկզբանե ունի մրցակցային առավելություն, որն է՝ «Էյր Արաբիա» ընկերության մոտ 20 տարվա դրական փորձը: Սա առաջին անգամ մեզ հնարավորություն է տալիս ունենալ երկարաժամկետ մրցունակ և կենսունակ ռազմավարության վրա հիմնված ազգային ավիափոխադրող: Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի առաջին և ամենամեծ բյուջետային ավիափոխադրողի հետ համատեղ ընկերության ստեղծումը նաև ներդրումային մրցակցության տեսանկյունից մեծ նշանակություն ունի»,- ասաց Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի ղեկավար Դավիթ Փափազյանը:

Փափազյանը նշեց, որ սա առաջին հերթին կարևոր քայլ է տնտեսության համար: Նա ավելացրեց, որ ընկերությունը չի ունենալու ոչ մի պետական արտոնություն:  

 

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ ավելացրեց, որ այս որոշումն արտահայտում է ՀՀ Կառավարության՝ հայկական ավիաընկերություն ունենալու քաղաքական կամքը: 

 

«Դա չի նշանակում, թե ՀՀ-ում այլ հայկական ավիաընկերություններ չպետք է լինեն և չեն կարող լինել: Այս համատեղ ներդրմամբ հրավիրում ենք «Էյր Արաբիա» ընկերությանը, որպեսզի նա մեզ հետ համատեղ հիմնադրի և կառավարի ավիաընկերություն, որը կկոչվի «Արնա»: Պետք է հստակ երաշխիքներ ստեղծենք, որ այն հանձնառությունը, որ 2022 թվականի գարնանից ավիաընկերությունը պետք է կանոնավոր չվերթեր իրականացնի, պետք է ամեն ինչ անենք, որպեսզի այդ հանձնառությունը հստակ իրականացվի»,- ասաց Նիկոլ Փաշինյանը: 

Վերջին նորություններ