Օրվա լրահոս

Նախկին ռազմագերիները կապ են պահում իրար հետ, ընկերություն են անում ընտանիքներով, պարբերաբար իրար հյուր են գնում: Նրանք պետությունից ակնկալիք չունեն և լրագրողների հետ խոսելիս միշտ շեշտում են, որ ինչ արել են, հայրենիքի համար են արել ու չեն զղջում: 
 Նրանց օգնում են անհատներ, բժիշկներ, բարերարներ: Որպես պատերազմի մասնակիցներ՝ նրանք ինչ-ինչ աջակցություն են ստանում, սակայն ոչ մի համակարգված տեղեկատվություն, թե ինչ է իրենց հասնում, ինչ արտոնություններից կարող են օգտվել, չունեն: Գրում է Հրապարակը:

 

Ռուբեն Հ․-ն, որի հետ «Հրապարակը» զրուցեց, կամավոր է գնացել ռազմաճակատ: Նա համեմատաբար տարիքով է՝ 40 տարեկան: Ասում է, որ գերիները պատահաբար են իմացել, որ բանկերում իրենց հաշվեհամարներին գումար է նստում: «Շատ պատահական՝ բանկում աշխատող հարազատից ենք իմացել, որ ամեն ռազմագերու հաշվին 118-130 հազար դրամ գումար է նստել: Գնացինք ստացանք: Սա անվանեցին աշխատավարձ: Բայց ամեն մեկը մեզնից տարբեր չափի գումար է ստացել, ինչն անհասկանալի է, թե ինչպես են հաշվարկել: Նույն ավտոբուսով իրար հետ նույն օրը գնացած, նույն օրը կռված, նույն օրը գերեվարված անձանց գումարները տարբեր էին: Մեզ ոչինչ չեն բացատրում, թե ինչու են դրանք տարբեր»,- ասում է Ռուբեն Հ․-ն՝ ավելացնելով, որ գերիներից ոչ մեկը ոչինչ չի պահանջել պետությունից: «Մենք ինքնակամ ենք գնացել, եթե պետք լինի, էլի կծառայենք հայրենիքին, բայց գոնե կարելի է ինչ-որ հարցերում իրազեկել մեզ»: 

 

Տղաների թվում կա մեկը, ով իրեն հասանելիք այս «աշխատավարձը» չի ստացել, քանի որ տեղյակ չի եղել, որ կա նման բան: Ռուբեն Հ․-ն նաեւ տեղեկացրեց, որ վիրավորներին՝ որպես աջակցություն, կես միլիոն դրամ են տրամադրել։ Շատերն այդ գումարով բուժօգնության համար են վճարել, որը միշտ չէ, որ արդյունավետ է եղել: 

 

«Մեր Վարդան Հ․-ն՝ ջերմուկցին, օրինակ, որ վերադարձանք, Կանազի հոսպիտալից տեղափոխվեց Մալայան կենտրոն, աչքում ասկոլկեք կային, բայց նրա վիճակը գնալով վատացավ, հասկացանք, որ վերջում կարող է աչքը կորցնել, ու արդեն մենք մեր ուժերով, մեր ֆինանսներով, մոտ 300 հազար գումար ծախսելով, նրան տարանք «Նաիրի» կենտրոն: Բժիշկներից մեկը նույնիսկ անվճար սրսկումներ էր անում, շատ թանկարժեք, իր հաշվին»,- պատմեց նախկին ռազմագերին: 

 

Լրատվականը փորձել է  պարզաբանումներ ստանալ ՊՆ-ից: Պատասխանել են, որ պետությունը ռազմագերիների համար ոչ մի հոգ չի տանում:

«Ռազմագերիները չեն ստանում ոչ մի աջակցություն: Վերադառնալուն պես պաշտպանության նախարարությունը պարտավորվում է նրանց մեկ ամսով տեղափոխել վերականգնողական կենտրոն: Նրանց հոգեբանական աջակցություն եւ բուժօգնություն են ցուցաբերում, սակայն նյութական կամ ֆինանսական աջակցություն նրանք չեն ստանում: Այն գերեվարվածներին, որոնք վիրավորում են ստացել, 500 հազար դրամ է տրվել միանվագ, սակայն դա ոչ թե գերեվարվածներին էր տրվում, այլ վիրավորում ստացածներին»: Իսկ «աշխատավարձի» ֆենոմենը ՊՆ-ից բացատրեցին նրանով, որ «կան զինծառայողներ, որոնց հրամանատարները խրախուսման են ներկայացվել»:

Վերջին նորություններ