Այն, ինչ եղավ Գորիսում, ունենալու է մուլտիպլիկատիվ էֆեկտ․ Վահե Հակոբյան

Գորիսի, Գյումրիի ՏԻՄ ընտրությունները ցույց տվեցին իրական պատկերը, որը կա Հայաստանում, News.am-ի հետ զրույցում ասել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանը:

«ԱԺ ընտրությունների ժամանակ իշխող ուժն անխնա օգտագործեց վարչական ռեսուրսը։ Դա և՛ բանակն էր, և՛ շրջող խմբերը, և՛ ապօրինի տրված անձնագրերը, և՛ պրեսինգը: Այն, ինչում մեղադրում են Առուշ Առուշանյանին, նույնը իշխող ուժի որոշ պատգամավորներ անում էին Գորիսում: Եթե Առուշ Առուշանայնն ի պաշտոնե էր աջակցում, տանիքներ էր վերանորոգում, հիմա իրենք լկտիաբար այդ գումարները բաժանել են: Բայց դա իրենց չօգնեց»,-ասել է նա։

Վահե Հակոբյանը նշել է նաև, որ իշխանությունները շատ մեծ թվով ոստիկաններ էին բերել Սյունիք:

«Այդ թվով ոստիկաններ եթե լինեին պատերազմի օրերին այնտեղ, թուրքերն այսօր նստած չէին լինի մեր ճանապարհների վրա»,- ասել է նա։  

Ըստ պատգամավորի՝ Գորիսում տեղի ունեցածը մուլտիպլիկատիվ էֆեկտ է ունենալու:

«Դա արդեն երևում է։ Մարդիկ փորձելու են առաջադրվել և բերելու են այն վիճակին, որ դեպի բռնապետություն գնալու տրամադրությունը կոտրվի»,- ընդգծել է Վահե Հակոբյանը:

Նա համոզմունք է հայտնել, որ ժողովրդի տրամադրությունների բեկում է տեղի ունեցել. «Ես համոզված եմ, որ ժողովրդի այն զանգվածը, որը հունիսի 20-ին ձայն է տվել Նիկոլ Փաշինյանին, հիմա փոշմանել է»:

Քաղաքականություն

Պատահարներ