Եռակողմ հանդիպում է նախատեսվո՞ւմ․ որն է Մհեր Գրիգորյանի Մոսկվա այցի նպատակը

ՀՀ կառավարության պատվիրակությունը փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գլխավորությամբ հոկտեմբերի 20-ին երկօրյա այցով կմեկնի Մոսկվա, տեղեկացնում է կառավարության կայքը:

Այցի նպատակների մասին չի հաղորդվում, սակայն Sputnik Արմենիայի տեղեկություններով` Ռուսաստանի մայրաքաղաքում նախատեսվում է եռակողմ աշխատանքային խմբի հանդիպում Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների մասնակցությամբ:

 

Գրիգորյանը բանակցություններ կվարի Ալեքսեյ Օվերչուկի և Շահին Մուստաֆաևի հետ:

Հայկական պատվիրակության կազմում են ԱԳ փոխնախարար Արմեն Ղևոնդյանը, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը:

Նշենք, որ հանձնաժողովի աշխատանքը ժամանակավորապես դադարեցվել էր սահմանին իրավիճակի սրման պատճառով, սակայն վերջերս եռակողմ ձևաչափով հանդիպումները վերսկսվել են։

 

Հիշեցնենք, որ 2021 թվականի հունվարի 11-ին Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարներ Նիկոլ Փաշինյանի, Վլադիմիր Պուտինի և Իլհամ Ալիևի բանակցություններից հետո հայտարարվեց երեք երկրների փոխվարչապետների ղեկավարությամբ աշխատանքային խումբ ստեղծելու մասին:


 

Քաղաքականություն