ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Ինչպես են մարդիկ փչացրել իրենց քվեաթերթիկները․ եղել է նաև դեպք՝ դատարկ ծրար են գցել

Մեղրու ավագանու անդամների հոկտեմբերի 18-ի ընտրություններում գեղագիտական ազգային կենտրոնի Մեղրու մասնաճյուղի շենքում տեղակայված 35/1 տեղամասում քվեարկության արդյունքներն ամփոփելիս քվեարկության ծրարներից մեկում քվեաթերթիկ չկար։ Գրում է Aravot.am լրատվականը։

 

Դրոշմանիշը փակցվել էր ծրարին։ Նշենք, որ ծրարները ունենում կտրվածք եւ քվեախցից դուրս գալուց հետո, մինչեւ քվեատուփի մեջ գցելը՝ հանձնաժողովի անդամը ինքնասոսնձվող դրոշմանիշը քվեաթերթիկին պետք է փակցնի ծրարի կտրվածքի միջով։ Ստացվում է, որ հանձնաժողովի անդամը տեղյակ է եղել, որ ծրարի մեջ քվեաթերթիկ չկա։ Իսկ երբ վստահված անձինք պարզաբանում են պահանջել, 35/1 հանձնաժողովի նախագահ, «Հայաստան» դաշինքի կողմից նշանակված Գագիկ Խալաֆյանը հայտարարեց, որ ընտրողներից մեկն ասել է, որ ցանկանում է անվավեր դարձնել քվեաթերթիկը, որից հետո հանձնաժողովի անդամների հետ համաձայնեցնելով՝ առաջարկել են քվաթերթիկը չդնել ծրարի մեջ, ինչի համար էլ որոշվեց դրոշմանիշը փակցնել ծրարին։ Հանձնաժողովի նախագահը նաեւ չի թույլատրել խախտման մասին գրառում անել գրանցամատյանում։ 

 

«Մեղրու թիվ 35/1 տեղամասում քվեարկողը ստացել է քվեաթերթիկը եւ ծրարը, սակայն քվեաթերթիկը պահելով իր մոտ, հանձնել է միայն դատարկ ծրարը, որի վրա հանձնաժողովի անդամը փակցրել է դրոշմանիշը եւ ընտրողին թույլ տվել դուրս գալ ընտրատեղամասից: Քանի որ 70,000-ից քիչ ընտրող ունեցող համայնքներում ընտրողները ստանում են միայն մեկ քվեաթերթիկ, այս դրվագը կարող է նշանակել «կարուսելային» քվեարկության փորձ, երբ ընտրատեղամաս նոր մուտք գործող ընտրողներն արդեն իսկ իրենց մոտ կարող են ունենալ նախապես քվեարկված քվեաթերթիկը, եւ հետագայում իրենց հետ նոր դատարկ քվեաթերթիկ դուրս հանելով՝ շարունակել արատավոր շղթան»,- արձանագրել է «Ականատես» դիտորդական առաքելությունը։ Ակնկալում ենք կենտրոնական ընտրական հանձնաժողովի պարզաբանումը՝ միջադեպի կապակցությամբ։ Ներկայացնում ենք նաեւ տարբեր գրառումներով քվեաթերթիկների լուսանկարներ։ Ի դեպ, կային նաեւ հայհոյանք պարունակող քվեաթերթիկներ, որոնք հրապարակման ենթակա չեն։

Քաղաքականություն

Պատահարներ