Փոխոստիկանապետը՝ ադրբեջանցիների կողմից ՀՀ քաղաքացու տուգանման լուրերի մասին

Հայաստանի ոստիկանությունը տեղեկություններ չունի, որ Սյունիքի մարզի Գորիս-Կապան ավտոճանապարհին ադրբեջանցի իրավապահները Հայաստանի քաղաքացու են տուգանել: Այս մասին հոկտեմբերի 19-ին ՀՀ ԱԺ-ում Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական ​​հանձնաժողովի նիստին, պատասխանելով ընդդիմադիր «Հայաստան» դաշինքի պատգամավոր Գեղամ Մանուկյանի հարցին, ասաց ՀՀ փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանը:

Փոխոստիկանապետի խոսքով՝ եթե նման դեպք իսկապես եղել է, ապա պետք է անհապաղ տեղեկացնել համապատասխան ծառայություններին: «Եվ նաեւ մեզ տեղյակ պահել, քանի որ այդ մասին առաջին անգամ ենք լսում»,- ընդգծեց Ֆիդանյանը:

Ի պատասխան` Մանուկյանն ասաց, որ Ադրբեջանի ուժայինների կողմից տուգանված քաղաքացին կապ է հաստատել ընդդիմության հետ:

«Ես անպայման ձեզ կտամ նրա կոնտակտային տվյալները»,- ասաց Մանուկյանը:

Քաղաքականություն