Հերթական պարտությունը. Հայաստանը կորցրեց ԱԱ-ին մասնակցելու բոլոր շանսերը. Armsport. am

ԱԱ-2022-ի ընտրական փուլի հերթական տուրում Հայաստանի ազգային հավաքականն ընդունել էր Հյուսիսային Մակեդոնիային ու 0-4 հաշվով պարտություն կրեց։ Այս մասին գրում է Armsport. am-ը:
 

Հարկ է նշել, որ մեր ընտրանին ակտիվ էր սկսել խաղն ու մեկնարկային 15 րոպեների ընթացքում մի քանի վտանգավոր դրվագ ունեցավ։ Այսպիսով, 11-րդ րոպեին Նորբերտո Բրիասկոն հասավ մրցակցի դարպասային հրապարակ, գնդակը փոխանցեց Հենրիխ Մխիթարյանին, սակայն վերջինս չկարողացավ ավարտին հասցնել դրվագը։ Ապա, երկու րոպե անց մրցակցի դարպասի մոտ Տիգրան Բարսեղյանը գնդակը փոխանցեց Բրիասկոյին, որի՝ գլխով կատարած հարվածը բավականին շեղ ստացվեց։
 

22-րդ րոպեին մրցակցին հաջողվեց ճեղքել մեր պաշտպանությունը՝ շրջանցելով Կամո Հովհաննիսյանին, Էրիկ Վարդանյանին, Անդրե Չալըշրին ու Հովհաննես Համբարձումյանին, և գրավել Դավիդ Յուրչենկոյի պաշտպանած դարպասը․ գոլի հեղինակ դարձավ Ալեքսանդր Տրայկովսկին։

31-րդ րոպեին խառը իրադրությունում գնդակը հասավ Նորբերտո Բրիասկոյին, բայց նրա փոխանցումից հետո Տիգրան Բարսեղյանը չկարողացավ գրավել մրցակցի դարպասը։
 

36-րդ րոպեին հեռահար հարվածով Յուրչենկոյի դարպասը գրավեց Էնիս Բարդին։
 

Երկրորդ կեսը ևս մեր թիմը պասիվ չէր սկսել, սակայն այստեղ ևս հաջողության հասնել չհաջողվեց։ 64-րդ րոպեին Հովհաննես Համբարձումյանը մրցակցի դարպասային հրապարակում կանոնները խախտեց մրցակցի ավագի՝ Էնիս Բարդիի նկատմամբ։ Մրցավարը 11-մետրանոց նշանակեց մեր թիմի դարպասին, գնդակին մոտեցած Բարդին այն ուղարկեց ուղիղ ցանցի մեջ՝ ձևակերպելով դուբլ։
 

Խաղավարտին հյուսիսմակեդոնացիներն ավելացրել էին ճնշումը մեր ֆուտբոլիստների նկատմամբ, ու 79-րդ րոպեին Միլան Ռիստովսկին գնդակով բավականին տարածություն  անցնելով ու շրջանցելով Հովհաննես Համբարձումյանին, խփեց իր թիմի 4-րդ գոլը։
 

89-րդ րոպեին մրցակցի նկատմամբ կանոնները խախտեց Դավիթ Տերտերյանը, մրցավարը կրկին 11-մետրանոց նշանակեց մեր դարպասին, գնդակին մոտեցավ կրկին Էնիս Բարդին ու կրկին գրավեց Յուրչենկոյի դարպասը՝ հեթ-տրիկ։
 

Այսպիսով, Հայաստանի հավաքականը կորցրեց հնարավոր բոլոր շանսերը աշխարհի 2022 թվականի առաջնությանը մասնակցելու համար։

Նոյեմբերի 14-ին մեր ընտրանին սեփական հարկի տակ կընդունի Գերմանիայի հավաքականին։

Քաղաքականություն