Առանց կրակոցի դիրքե՞ր են զիջվել. ադրբեջանցիները տեսանյութեր են տարածում, իսկ ՀՀ ռազմաքաղաքական ղեկավարությունը լռում է

Ադրբեջանական լրատվամիջոցներն երեկվանից տարբեր տեսանյութեր են դրել շրջանառության մեջ` նշելով, թե հայկական կողմը թողել է տեսանյութում պատկերված դիրքերն ու հեռացել` դրանք հանձնելով ադրբեջանցիներին: Ադրբեջանի քարոզչությունը և սուտ տեղեկություն չտարածելու նպատակով Auroranews- ը չի հրապարակում իր ձեռքի տակ եղած տեսանյութերը: 

 

Սակայն պետք է նշենք, որ դրանք և դրանց վերաբերյալ տարածվող տեղեկությունները պետք է ճշտվեն և չի բացառվում, որ համապատասխանում են իրականությանը՝ հայկական կողմը հերթական անգամ առանց կրակոցների դիրքային կորուստ է ունեցել:

 

Վերոնշյալ տեսանյութերի վերաբերյալ տեղեկություն փորձեցինք ճշտել Պաշտպանության նախարարությունից, սակայն դեռևս չենք կարողացել կապ հաստատել գերատեսչության ներկայացուցիչների հետ: 

 

Հատկանշական է, որ այս տեսանյութերի տարածումից առաջ ՊՆ-ն հայտարարություն էր տարածել, որում ասվում էր. «Ժամը 19։00-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ, որտեղ այսօր ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները փորձել էին դիրքային առաջխաղացում ապահովել, հարաբերականորեն կայունացել է, կրակոցներ չկան։ Ընթանում են բանակցություններ՝ իրադրության հանգուցալուծման նպատակով։ Հայկական կողմից տուժածներ չկան։ Հավելենք, որ սոցիալական ցանցերում տարածվող տեղեկությունները, թե սահմանային այդ հատվածում հայկական տարածք ադրբեջանական ԶՈՒ զրահատեխնիկա է մտել՝ չեն համապատասխանում իրականությանը»։

 

Ստացվում է, որ Պաշտպանության նախարարությունը հերթական անգամ չի անդրադառնում  տարածքային և դիրքային կորստի մասին  տարածվող տեղեկություններին և միայն նշում է, թե ադրբեջանական ԶՈՒ զրահատեխնիկա չի մտել հայկական տարածք: 

Քաղաքականություն