Փաշինյանն առանց երկար-բարակ մտածելու Գորիսից Կապան տարածքները տվել է. Բագրատյան

Փաշինյան-Պուտին-Ալիև հանդիպումից մեծ սպասելիքներ չունեմ։ Կարող է՝ ինչ-որ թուղթ ստորագրվի, բայց չի լինելու այնպես, որ մի թուղթ ստորագրվի ու ամեն ինչ զուլալվի։ ԱԺ-ում լրագրողների հետ զրույցի ժամանակ այս մասին ասաց ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը՝ հավելելով, որ Թուրքիան ու Ադրբեջանը մեզ սիստեմատիկ կերպով խեղդելու են։

Հարցին՝ հնարավո՞ր է սահմանազատման կամ սահմանագծման հետ կապված ինչ-որ թուղթ ստորագրվի, Հրանտ Բագրատյանը նկատեց՝ սահմանազատումն ու սահմանագծումը մեկանգամյա ակտ չէ, դա գործընթաց է, որը տասնյակ տարիներ կտևի և Ադրբեջանն ու Թուրքիան կձգձգեն դա։

Անդրադառնալով առցանց մամուլի ասուլիսի ժամանակ ՀՀ վարչապետի այն հայտարարությանը, թե Հայաստանն ու Ադրբեջանը միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչել են, երբ ՄԱԿ են մտել, Հրանտ Բագրատյանն ասաց, որ դա անհեթեթ հայտարարություն է, որովհետև չկա ՀՀ-ի կամ Ադրբեջանի տարածք։

«Ոչ ոք չգիտի՝ որտեղ է սկսվում ՀՀ-ն։ Նրանք մտնում, գրավում են մեր տարածքը, բայց ասում են, որ դա իրենցն է։ Նիկոլ Փաշինյանն առանց երկար-բարակ մտածելու Գորիսից Կապան տարածքները տվել է։ Սա դավաճանությանը հավասարազոր բան է»,-ասաց Հրանտ Բագրատյանը։

Վերջինս նշեց, որ երկիրը փրկելու խնդիր ունենք։ Հրանտ Բագրատյանը կարծում է, որ տարածքներին հաջորդելու է փախստականների վերադարձի հարցը։

Հարցին, թե ինչ քայլեր է առաջարկում, Հրանտ Բագրատյանն ասաց, որ կդառնա վարչապետ, կասի։

Քաղաքականություն