107 մլն դոլար է հատկացվելու Իրանի խփած ինքնաթիռի ուղեւորների ընտանիքներին

 Կանադական Օնտարիո նահանգի դատարանի որոշմամբ 107 մլն կանադական դոլար (83,94 մլն ԱՄՆ դոլար)՝ գումարած տոկոսները, պետք է վճարվի Թեհրանից ոչ հեռու «Ուկրաինայի միջազգային ավիաուղիներ» ավիաընկերությանը պատկանող ինքնաթիռի կործանման հետեւանքով զոհված վեց մարդկանց ընտանիքներին, գրում է The Guardian-ը։

 

Վեց հոգի, որոնց Օնտարիոյի դատարանը վճռել է, որ պետք է փոխհատուցում վճարվի, կորցրել են ամուսին, եղբայր, քույր, երեխա, զարմիկ եւ զարմուհի 752 չվերթի ինքնաթիռի կործանման պատճառով։ Այս մասին երկուշաբթի հայտարարել է նրանց փաստաբան Մարկ Առնոլդը։ Նրանք քաղաքացիական հայց էին ներկայացրել Իրանի եւ այլ պաշտոնատար անձանց դեմ, որոնք, նրանց կարծիքով, մեղավոր են պատահածի համար։

Փաստաբաննն ասել է, որ իր թիմը փորձելու է կալանք դնել Կանադայում եւ արտասահմանում իրանական ակտիվների վրա։ Նա տեղեկացրել է, որ Իրանը նավթի լցանավեր ունի այլ երկրներում, եւ իր թիմը փորձելու է կալանք դնել դրանց վրա, ինչը պետք է, որպեսզի վճարվի այդ գումարը զոհվածների ընտանիքներին։

 

Հայցատուներն են Շահին Մոգադամը, Մեհրզադ Զարան եւ Ալի Գորջին, ավելի վաղ տեղեկացրել էր CBC News-ը։ Հայցատուներից ոմանք ցանկացել են չհրապարակել իրենց անունները։

2021թ. կեսին կանադական դատաբժշկական փորձագետների հատուկ խումբը պատրաստել էր զեկույց, որում Իրանը մեղադրվում էր անգիտության եւ խելամիտ չլինելու մեջ՝ ուկրաինական ուղեւորատար ինքնաթիռը խփելու հետ կապված։ Իրանը քննադատել էր այդ զեկույցը՝ այն անվանելով «խիստ քաղաքականացված»։

 

Հիշեցնենք, որ «Ուկրաինայի միջազգային ավիաուղիներ» ավիաընկերության Boeing ինքնաթիռը կործանվել էր 2020թ. հունվարի 8-ի առավոտյան, Թեհրանի Իմամ Հոմեյնիի անվան միջազգային օդանավակայանից թռչելուց հետո։ Ինքնաթիռում 167 ուղեւոր եւ անձնակազմի 9 անդամ կար։ Բոլորը զոհվել են։

 

Իրանի իշխանությունները խոստովանել էին, որ ինքնաթիռը ոչ միտումնավոր խփվել է զինվորականների կողմից «մարդու սխալի» պատճառով։

Քաղաքականություն

Պատահարներ