Դանակահարություն` Էջմիածնում. քաղաքացին ձերբակալվել է

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված քննչական և դատավարական այլ գործողությունների, ինչպես նաև՝ ՀՀ ոստիկանության ծառայողների հետ համատեղ իրականացված անհետաձգելի միջոցառումների արդյունքում բացահայտվել է նախօրեին Էջմիածին քաղաքում տեղի ունեցած դանակահարության դեպքը:

 

Դեպքի վերաբերյալ ահազանգը ստացվել է 2022թ. հունվարի 3-ին «Վաղարշապատ» բժշկական կենտրոնից և տեղեկացվել, որ կտրած-ծակած վնասվածքներով իրենց մոտ  բուժօգնության է տեղափոխվել  Էջմիածին քաղաքի՝ 1993թ. ծնված բնակիչ:

 

Նախնական տվյալներով՝ 2022թ. հուվարի 3-ին՝ ժամը 23:15-ի սահմաններում, Էջմիածին քաղաքի Արագածի զանգվածում, կենցաղային հարցերի շուրջ, վիճաբանություն է ծագել 28-ամյա երիտասարդի և 41-ամյա տղամարդու միջև, որի ժամանակ էլ վերջինս իր մոտ պահվող դանակով,  առողջությանը ծանր վնաս պատճառելու  դիտավորությամբ, հարվածներ է հասցրել երիտասարդի մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով կյանքի համար վտանգավոր վնասվածքներ և դիմել  փախուստի:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում, ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով, հարուցվել է քրեական գործ:

Նույն օրը 41-ամյա տղամարդը ձերբակալվել է՝ համաքաղաքացու առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու կասկածանքով և հարցաքննվել՝ տալով ինքնախոստովանական ցուցմունք:

 

Նախաքննության ընթացքում կասկածյալի մասնակցությամբ կատարվել է դեպքի վայրի զննություն և քննչական փորձարարություն, որի ժամանակ վերջինս մատնացույց է արել նաև այն վայրը, ուր նետել է հանցագործության գործիք հանդիսացող դանակը, կատարվել են նմուշառումներ, առգրավվել են տուժողի և առերևույթ հանցագործություն կատարած անձի հագին դեպքի պահին եղած հագուստները, քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

 

Նախաքննությունը շարունակվում է:

Քաղաքականություն

Պատահարներ