Հայաստանի ԱԳՆ-ն դիմեց պաշտոնական Բաքվին

ՀՀ ԱԳՆ հայտարարություն է տարածել հունվարի 11-ին Ադրբեջանի զինված ուժերի կողմից հրադադարի ռեժիմի խախտման վերաբերյալ: Հայտարարության մեջ ասված է.

«Խստորեն դատապարտում ենք այսօր՝ հունվարի 11-ին, ՀՀ արևելյան սահմանագոտու ուղղությամբ Ադրբեջանի զինված ուժերի կողմից հրետանային միջոցների և անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ ուղեկցված հրադադարի ռեժիմի կոպիտ խախտումը, ինչի հետևանքով զոհվել են ՀՀ ԶՈՒ զինծառայողներ Արթուր Արտյոմի Մխիթարյանը և Ռուդիկ Ռաֆիկի Ղարիբյանը, ևս երկու զինծառայողներ վիրավորվել են: Խորին ցավակցություն ենք հայտնում զոհված զինծառայողների ընտանիքներին ու հարազատներին և շուտափույթ ապաքինում մաղթում վիրավորված զինծառայողներին:

Ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումների սադրանքը հերթական դրսևորումն է Հայաստանի տարածքային ամբողջականության նկատմամբ Ադրբեջանի շարունակական ոտնձգությունների, որոնք սկիզբ են առել 2021թ․ մայիսի 12-ից ՀՀ ինքնիշխան տարածք ներթափանցմամբ և շարունակվել պարբերական զինված հարձակումներով։

Հայաստանի Հանրապետությունը միջազգային հանրության ուշադրությունն է հրավիրում այն փաստին, որ պաշտոնական Բաքուն, շարունակելով ոտնձգությունները Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ,

խախտում է միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքները, այդ թվում՝ ՄԱԿ-ի կանոնադրությունը, և խաթարում տարածաշրջանային անվտանգությունը:

Հայկական կողմը բազմիցս նշել է, որ իրավիճակի հետագա սրացումից խուսափելու միջոցներից մեկը կարող է լինել հայ-ադրբեջանական սահմանագծից զորքերի հայելային հետքաշումը և սահմանագծի երկայնքով միջազգային մոնիթորինգի մեխանիզմի գործարկումը:

Ադրբեջանական իշխանություններին կոչ ենք անում զերծ մնալ սադրիչ գործողություններից և կատարել Սոչիի եռակողմ հայտարարությամբ և Բրյուսելյան հանդիպման արդյունքներով ստանձնած՝ տարածաշրջանում կայունության հաստատման հանձնառությունը»։

Հիշեցնենք, որ այսօր՝ հունվարի 11-ին՝ ժամը 15։15-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ էին բացել Գեղարքունիքի մարզի Վերին Շորժայի հատվածում տեղակայված հայկական մարտական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով մեկ զինծառայող ստացել էր միջին ծանրության հրազենային վիրավորում։

Ժամը 17։30-ի սահմաններում ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները վերսկսել էին կրակը հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ՝

օգտագործելով նաև հրետանային միջոցներ և անօդաչու թռչող սարքեր։

Քիչ առաջ ՀՀ պաշտպանության նախարարությունը տեղեկացրեց,որ ադրբեջանական ստորաբաժանումների իրականացրած սադրանքի հետևանքով զոհվել են ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայողներ, շարքային Արթուր Արտյոմի Մխիթարյանը (ծնվ. 2002թ.) և կրտսեր սերժանտ Ռուդիկ Ռաֆիկի Ղարիբյանը (ծնվ. 2002թ.)։

Քաղաքականություն

Պատահարներ