Ինչ իրավիճակ է Նորաբակ և Գեղամաբակ համայքներում

Նորաբակում համարյա 18:30-ից հետո կրակոցների ձայներ չեն լսվել։ Այս մասին Auroranews-ի հետ զրույցում ասաց Վարդենիսի համայնքի Նորաբակ բնակավայրի վարչական ղեկավար Վազգեն Ասատրյանը, նշելով, որ բնակիչների մոտ լարվածություն չկա: 

 

«Մեզ մոտ կրակոցների ձայներ էս պահին չի լսվում, բնակիչներն էլ սպասում են, բոլորս սպասում ենք պաշտոնական տեղեկության», -ասաց Ասատրյանը:

 

«Լարված իրավիճակ է, այս պահին էլ կրակոցները շարունակվում են, տարբեր տրամաչափի զինատեսակներով կրակում են Գեղամաբակի ուղղությամբ»,-այս մասին «Հետք» հետ զրույցում հայտնեց Գեղամասար խոշորացված համայնքի ղեկավար Հակոբ Ավետյանը։

 

Համայնքի ղեկավարի խոսքով՝ պատերազմից հետո բնակչության շրջանում միշտ էլ խուճապ ու լարվածություն եղել է, բայց վիճակը ծայրահեղ չէ։

Վիրավորների վերաբերյալ Հակոբ Ավետյանը նշեց, որ չունի հստակ տեղեկություն․ որքանով որ տեղյակ է, վիրավորները ժամկետային զինծառայողներ են։

Նշեց նաև, որ վերջին օրերին սահմանային իրավիճակը համեմատաբար հանգիստ էր, կրակոցներ չեն լսվել։

 

Ավելի վաղ պաշտպանության նախարարությունը մամուլի հաղորդագրություն էր տարածել, որ ժամը 17։30-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները վերսկսել են կրակը հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, օգտագործելով նաև հրետանային միջոցներ և անօդաչու թռչող սարքեր։

«Հայկական կողմը դիմել է համարժեք գործողությունների։ Ժամը 18։30-ի դրությամբ փոխհրաձգությունը շարունակվում է։ Հայկական կողմի կորուստների մասին տվյալները ճշտվում են։ Այս պահին հայտնի է երեք վիրավորի մասին», - նշված էր ՊՆ հաղորդագրության մեջ։

Քաղաքականություն

Պատահարներ