Նորաբակի ու Սոթքի բնակիչները պատմել են ադրբեջանական ագրեսիայի մասին

Նախօրեին ադրբեջանական ագրեսիայի հետևանքները ծանր էին։ Հայկական կողմն ունի երեք զոհ, երկու վիրավոր։ Գեղարքունիքի մարզի Նորաբակի վարչական շրջանի ղեկավար Վազգեն Ասատրյանը «Փաստինֆո»-ին տեղեկացրել է, որ գյուղում ադրբեջանական ԶՈւ-ի կողմից արձակած կրակոցները լսվել են, այդուհանդերձ, բնակիչների շրջանում խուճապ չկար։ Դիրքերը գյուղից հեռու չեն, սակայն գյուղի ուղղությամբ սադրանքներ չեն եղել։ Կեսգիշերից հետո թշնամին չի կրակել։ 

 

«Գիշերը կրակոցներ չեն եղել։ Կրակոցներն սկսվել են ժամը 16.30-17։00-ի սահմաններում, մինչև 18։00-ն, որից հետո երկու անգամ խոշոր տրամաչափի զինատեսակներից կրակոցներ եղան ու կանգնեց։ Գյուղից նրանք օդային սահմանով հեռու են 1,5 կմ, մեքենայի ճանապարհով՝ 2 կմ-ի չափով»։

Կրակոցները եղել են դիրքերում։ Ասատրյանի խոսքով՝ թշնամուն հավատալ պետք չէ։ Նման մասշտաբի կրակոցներ գյուղի հատվածում չէին եղել։

«Ադրբեջանցիներին ո՞վ է հավատում, որ հիմա հավատաս։ Խփելով գնում են։ Վերջին շրջանում մեր հատվածում նման մասշտաբի կրակոցներ չեն եղել, առաջին անգամ է էսպես»,- ասել է համայնքի ղեկավարը։

Նրա փոխանցմամբ՝ դիրքերի հայ ծառայողները թույլ չեն տվել բնակիչներին իրենց մոտենալ։ Ինքն անձամբ է դիմել զինվորականներին, եթե կարիք լինի, բնակիչներն օգնության հասնեն, սակայն հայտնել են, որ անհրաժեշտություն չկա։ Շտապօգնության մեքենաներ էլ գյուղում չեն նկատել։

«Մեր գյուղի մոտով երկու ճանապարհ է գնում, մեկը՝ հակառակ մասով ու չի երեւում, մյուսը գյուղի միջով է, երևի շտապօգնությունը Զոդի մոտով է անցել, մենք չենք տեսել, բայց ավտոն վերև է բարձրացել»,- ասել է Վ.Ասատրյանը՝ նկատելով, որ զոհված զինծառայողներից ոչ ոք Նորաբակի բնակիչ չէ։

Սոթք բնակավայրի բնակիչ Սևակ Խաչատրյանն էլ «Փաստինֆո»-ի հետ զրույցում տեղեկացրել է ՝ թշնամու կողմից կիրառվող հրետանու ձայնը իրենց գյուղից էլ էին լսում։

 

«Հրետանային միջոցներ կիրառվել են, ձայները լսելի էին։ ԱԹՍ-ներ չենք տեսել, բայց ձայները լսել ենք 14.00-ի սահմաններից մինչև երեկոյան 22.00-ն։ Կրակոցները Վերին Շորժայի հատվածից մինչև Նորաբակ ու Կութի հատվածում եղել են, բայց ոչ այնքան ինտենսիվ, որքան Վերին Շորժայում ու Նորաբակի հատվածներում»։

 

Խաչատրյանը նշեց, որ բնակիչները նման դեպքերում իրենց տներում են սպասում, ու գործողությունների չեն դիմում, պարզապես անհանգիստ սպասում են։ Կրակոցներ այսօր Սոթի հատվածից չեն լսել։

Հիշեցնենք, որ նախօրեին՝ ժամը 15։15-ի սահմաններում Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ էին բացել Գեղարքունիքի մարզի Վերին Շորժայի հատվածում տեղակայված հայկական մարտական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով մեկ զինծառայող ստացել է միջին ծանրության հրազենային վիրավորում։ Ժամը 17։30-ի սահմաններում ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները վերսկսել էին կրակը հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, օգտագործելով նաև հրետանային միջոցներ և անօդաչու թռչող սարքեր։ Ադրբեջանական ստորաբաժանումների իրականացրած սադրանքի հետևանքով զոհվել են ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայողներ, շարքային Արթուր Արտյոմի Մխիթարյանը (ծնվ. 2002թ.) և կրտսեր սերժանտ Ռուդիկ Ռաֆիկի Ղարիբյանը (ծնվ. 2002թ.)։ Հայկական կողմն ունի նաեւ երկու վիրավոր, որոնց կյանքին վտանգ չի սպառնում։ Կեսգիշերին հայտնաբերվել է ՀՀ ԶՈւ զինծառայող` շարքային Վահան Վաչագանի Բաբայանի (ծնվ. 2003թ.) մարմինը` մահացու հրազենային վիրավորումով:

Քաղաքականություն

Պատահարներ