Ռուդիկը վերջին անգամ խոսել է հայրիկի հետ. ասելու բան չէ, թե ինչ. համայնքապետ

Ինչպես հայտնել էինք, երեկ՝ հունվարի 11-ին, հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ ադրբեջանական ստորաբաժանումների իրականացրած սադրանքի հետևանքով զոհվել են ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայողներ, շարքային Արթուր Արտյոմի Մխիթարյանը (ծնվ. 2002թ.), կրտսեր սերժանտ Ռուդիկ Ռաֆիկի Ղարիբյանը (ծնվ. 2002թ. և շարքային Վահան Վաչագանի Բաբայանը (ծնվ. 2003թ.):

ԼՈՒՐԵՐ.com-ը կապ Է հաստատել Ալավերդիի համայնքապետ Սասուն Խեչումյանի հետ:

 

Նա, ցավով նշել է, որ անմահացած Ռուդիկը քաղաքի ամենասիրելի, ամենապարկեշտ և ամենաառաքինի երեխաներից մեկն էր. «Շատ լուսավոր, առաջադեմ հայրենասեր և աստվածապաշտ էր մեր էրեխեն, մի բառով՝ օրինակելի էր»,- ասաց համայնքի ղեկավարը:

Նա լրատականին հայտնել է, որ Ռուդիկը վերջին անգամ՝ ժամը 17:00-ի սահմաններում խոսել է հայրիկի հետ, բայց թե ինչ է ասել, չցանկացավ բարաձրաձայնել. «Ասելու բան չէ, թե ինչ է ասել»,- նշել է նա: 

 

Ընտանիքին երեկ բոթը հայտնել է հենց համայնքապետը. «Երեկ ես կոմիսարի հետ գնացի իրենց տուն և հայտնեցի այդ չարաբաստիկ լուրը»։

 

Նշենք, որ Ռուդիկի ֆեյսբուքյան էջում բազմաթիվ են գրառումները ծառայության վերաբերյալ, սակայն թերևս դրանցից ամենատպավորիչը իր զորակոչման ծանուցագրի նկարի հրապարակումն էր, որին կից գրել էր. «Գնում եմ, որ գամ... ժպիտով, միշտ ժպիտով»:

Քաղաքականություն

Պատահարներ