Յուրաքանչյուր հայ` մեծ ու մանուկ, կին, թե տղամարդ, ամեն մեկս զինվոր ենք․ զոհված Ռուդիկ Ղարիբյանի գրառումն է տարածվում

 

 

Արցախյան 44-օրյա պատերազմից ավարտից մեկ օր անց՝ նոյեմբերի 10-ին, դեռեւս բանակ չզորակոչված Ռուդիկը ֆեյսբուքյան իր էջում այսպիսի գրառում էր կատարել․

 

«Պատերազմը չի ավարտվել ...

Յուրաքանչյուր հայ` մեծ ու մանուկ, կին, թե տղամարդ, ամեն մեկս զինվոր ենք:

Այս պատերազմը դարերի պատմություն ունի, որը պետք է ավարտվի մեր հաղթանակով: Հաղթանակ, որը կտրվի ոչ միայն զենքի, այլ նաև գիտելիքի ու միասնականության շնորհիվ:

Դիմում եմ աշակերտներին ու ուսանողներին: Այսուհետ սովորում ենք մեր առավելագույն ուժերի չափով, ոչ թե ուղղակի դիպլոմի կամ հետագալում աշխատանք ունենալու համար: Ուսուցչին/դասախոսին պիտի պահանջենք մեզ կրթել, մեզ կիրթ սերունդ է անհրաժեշտ:

Միջազգային մրցույթների առաջին հորիզոնականները մեր դրոշին են սպասում:

Հիշե՛ք, Հայաստանը դեռ շատ է ունենալու կրակի ճիշտ հաշվարկողների կարիք, շատ է ունենալու լավ բժիշկների, լավ շինարարների ու ճարտարապետների կարիք, լավ տնտեսագետների կարիք: Եվ այս ամենը կպսակվի հաջողությամբ, եթե չդադարենք մեր ներուժն ուղղել կրթելու և կրթվելու վրա:

Ես հավատում եմ քեզ՝ իմ հայ ազգի ներկայացուցիչ: Մենք կհանդիպենք տարիներ անց, մեր երկիրը շենացնելու ժամանակ:

Ու թե ամբողջ աշխարհն էլ գերեզման դառնա, մեկ է, վերջին ծաղիկ դնողը հայն է լինելու»։

Զորակոչվելուց օրեր առաջ էլ ֆեյսբուքյան իր էջում Ռուդիկը զինկոմիսարիատից ստացած ծանուցագիրն էր հրապարակել ու գրել․ «Գնում եմ, որ գամ։ Ժպիտով, միշտ ժպիտով»․․․

Հիշեցնենք, որ ժամը 15։15-ի սահմաններում Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ էին բացել Գեղարքունիքի մարզի Վերին Շորժայի հատվածում տեղակայված հայկական մարտական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով մեկ զինծառայող ստացել է միջին ծանրության հրազենային վիրավորում։ Ժամը 17։30-ի սահմաններում ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները վերսկսել էին կրակը հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, օգտագործելով նաև հրետանային միջոցներ և անօդաչու թռչող սարքեր։ Հայկական կողմը դիմել է համարժեք գործողությունների։

ՀՀ ՊՆ-ն հայտնել է, որ հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ ադրբեջանական ստորաբաժանումների իրականացրած սադրանքի հետևանքով զոհվել են ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայողներ, շարքային Արթուր Արտյոմի Մխիթարյանը (ծնվ. 2002թ.) և կրտսեր սերժանտ Ռուդիկ Ռաֆիկի Ղարիբյանը (ծնվ. 2002թ.)։  Հայկական կողմն ունի նաեւ երկու վիրավոր, որոնց կյանքին վտանգ չի սպառնում։

Քաղաքականություն

Պատահարներ