Զինծառայող Նորիկ Մկրտչյանից 8 ամիս է ոչ մայրն է տեղյակ, ոչ էլ՝ հրամանատարությունը․ ահազանգ

«Նկարում Նորիկ Մկրտչյանն է, ով 2021թ.-ի փետրվարի 8-ին զորակոչվել է ծառայության, ծառայել մինչև 2021 թվականի մայիսի 14-ը, իսկ այդ օրվանից մայրը որդու մասին որևէ տեղեկություն չունի:

Հրամանատարությունը` «նույնպես»: Չկա գերիների, մահացածների, անհետ կորածների ցուցակում, մարտերի չի մասնակցել»,- այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել փաստաբան Լուսինե Վիրաբյանը: 

 

«Հարգելի ՀՀ պաշտպանության նախարարություն / MoD of the Republic of Armenia , ՀՀ Քննչական կոմիտե , շուրջ 8 ամիս ինչո՞վ եք զբաղված: Ու՞ր է զինվորը: Մինչ այս պահը քանի՞ սպա է պատասխանատվություն կրել զինվորի առեղծվածային անհետացման դեպքով: Այլ հարցերը դեռ հրապարակային չեմ հնչեցնում, բայց դրանց պատասխանները հուսով եմ կստանանք: Վաղը կներկայացնեմ շա՜տ ուշացած հաղորդում` հանցագործության մասին»,- հավելել է Վիրաբյանը:

 

Հրապարակման վերավերյալ Auroranews-ը կապ հաստատեց Նորիկ Մկրտչյանի մայրիկի`  տիկին Լիլիթի հետ:

 

Զինծառայողի մայրը նշեց, որ իրենց ընտանիքը բնակվում է Նոյեմբերյանի շրջանի Կողբ գյուղում, իսկ  Նորիկ Մկրտչյանը ծառայել է Վարդենիսում, սակայն մայիսի 14-ին եղել է Կութ գյուղի դիրքերից մեկում: 

 

«Մեզ սպաներն են ասել, որ մեր զինվորն ինքնակամ լքել է դիրքերը, ինձ պետական կառույցներից չեն ասում, թե ինչ հիմունքներով է լքել դիրքը: Ասում են` փախուստի մեջ է»,-ասաց Նորիկի մայրը: 

 

Հարցին՝ արդյո՞ք մինչ օրս զինվորը կապ չի հաստատել ծնողների հետ` տիկին Լիլիթն ասաց.  «Ոչ մի անգամ։ Ո՞նց փախավ իմ երեխեն, 8  ամիս ոչ մի լուր չունեմ նրանից»: 

 

 

 

Քաղաքականություն

Պատահարներ