37-ամյա տղամարդուն սպանել է եղբայրը

ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում հարուցված քրեական գործի շրջանակներում իրականացվում են անհրաժեշտ միջոցառումներ Արագածոտնի մարզի Կոշ համայնքի բնակչի մահվան դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացնում են Քննչական կոմիտեից, տվյալ դեպքի վերաբերյալ ահազանգը ստացվել է 2022թ. հունվարի 12-ին և տեղեկացվել, որ հիշյալ համայնքի տներից մեկում հայտնաբերվել է նույն տան բնակչի դին՝ բռնի մահվան հետքերով։

Ձեռնարկված անհրաժեշտ միջոցառումների արդյունքում պարզվել են դեպքի՝ էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ:

 

Նախնական տվյալներով՝ 37-ամյա տղամարդու և եղբոր միջև հունվարի 11-ի լույս 12-ի գիշերը վիճաբանություն է ծագել կենցաղային հարցերի շուրջ, որի ժամանակ վերջինս դույլով, ձեռքերով և ոտքերով բազմաթիվ հարվածներ է հասցրել 37-ամյա եղբոր գլխին և մարմնի տարբեր մասերին։

Նախաքննության ընթացքում կատարվել են անհետաձգելի քննչական և դատավարական այլ գործողություններ, այդ թվում՝ դեպքի վայրի զննություն, նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:

 

Իրականացված անհետաձգելի միջոցառումների արդյունքում տուժածի եղբայրը հայտնաբերվել, ներկայացվել է վարույթն իրականացնող մարմնին: Վերջինս ձերբակալվել է՝ եղբոր առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու արդյունքում անզգուշությամբ նրա մահն առաջացնելու կասկածանքով։

Քաղաքականություն

Պատահարներ