Ադրբեջանը հունվարի 11-ին Վարդենիսում տվել է 18 զոհ. Միկա Բադալյան
«Հունվարի 11-ի միջադեպն ամենալուրջն էր նախորդ տարվա մայիսի 12-ից հետո, երբ ադրբեջանական զինված ուժերը ներխուժեցին ՀՀ տարածք»,-«Հայելի» մամուլի ակումբում հայտարարեց «Ազատագրում» ժողովրդաազատագրական շարժման առաջնորդ Միկա Բադալյանը:
Նրա նարեկայցմամբ՝ ամեն ինչ սկսվել էր այն բանից հետո, երբ ադրբեջանական զինուժը կրակ էր բացել հայկական տրակտորի ուղղությամբ, որը մաքրում էր դիրքերի միջև գտնվող ճանապարհների ձյունը: Դրանից հետո հայկական ուժերն անմիջապես պատասխանել են, որի արդյունքում ոչնչացվել էր ադրբեջանցի զինծառայող:
Միկա Բադալյանը նկատեց, որ ադրբեջանի ՊՆ-ն անմիջապես հայտնեց զոհի մասին, այն դեպքում, երբ միշտ թաքցնում է իր կորուստները, իսկ այն նշանակում էր, որ նրանք շարունակելու են սադրիչ գործողությունները և ուժեղացնելու են գնդակոծումը:
Շեշտելով, որ ադրբեջանական կողմն այդ մեկ զոհից հետո տեղեկություն չհայտնեց իր կորուստների մասին՝ բանախոսն ասաց. «Ըստ իմ տեղեկությունների՝ ադրբեջանական զինուժը հունվարի 11-ին Վարդենիսում տվել է 18 զոհ»:
Միկա Բադալյանի խոսքով՝ վերջին հարցազրույցում Ալիևի արած հայտարարությունը, թե հայկական կողմը ունի 8 զոհ՝ մերկապարանոց սուտ է:
«Ազատագրում» ժողովրդաազատագրական շարժման առաջնորդը դժվարացավ ժխտել ադրբեջանական կողմի այն հայտարարությունը, թե Սուրեն Պապիկյանն է առաջարկել դադարեցնել կրակը, բայց շեշտեց, որ այդ բախման ժամանակ հայկական կողմի մոտ կրիտիկական վիճակ չի եղել, այլ ադրբեջանի մոտ էր վիճակը ծանր, քանի որ ոչնչավել էր նրանց 4 հենակետը և ռազմամթերքի պահեստը, որի ապացույցը ինքը հրապարակել է իր տելեգրամ-ալիքում:
Միկա Բադալյանը տեղեկացրեց, որ, լինելով ռազմական բախման վայրում, պարզել է, որ հունվարի 11-ին Ադրբեջանը կիրառել է ԱԹՍ-ներ, հրետանի, իսկ բայրաքթարով հայկական դիրքը խոցելուց հետո նույն ուղղությամբ նաև նռանականետերի մոտ 30 հարված է հասցրել, ինչը փաստում է, որ նրանք ռազմական բախումների հարցում լուրջ են տրամադրված: