Հայտնի է` երբ կավարտվի Լարսի նոր ճանապարհի շինարարությունը

Լարսի նոր ճանապարհն ու թունելը կառուցվում են գործող ճանապարհի ամենաբարդ հատվածը շրջանցելու նպատակով, որը սովորաբար ձմռանը փակվում է։

 

Հայաստանի ցամաքային բեռնափոխադրումների համար կարևոր նշանակություն ունեցող Լարսի նոր ճանապարհի ու թունելի շինարարությունը Վրաստանի իշխանությունները նախատեսում են ավարտել 2024 թվականին։

Այս մասին Forbes Infrastructure-ին տված հարցազրույցում ասել է Վրաստանի ճանապարհների դեպարտամենտի ղեկավար Գիորգի Ծերեթելին։

 

Խոսքը Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի ամենաբարդ ու վտանգավոր` Կոբի-Գուդաուրի հատվածի մասին է, որը շրջանցելու նպատակով Վրաստանը կառուցում է Քվեշեթի-Կոբի շրջանցիկ ավտոճանապարհը։

Նախատեսվում է կառուցել 22,7 կիլոմետր երկարությամբ ճանապարհ` 6 կամուրջներով ու 5 թունելներով, որոնց թվում է Խաչի լեռնանցքը հատող 9 կիլոմետրանոց թունելը։ Նախագիծը համարվում է Եվրոպայի ամենաբարդ ինժեներական կառույցներից մեկը։

 

Ճանապարհի շինարարությունն ի սկզբանե նախատեսվում էր ավարտել 2022 թվականին, սակայն կորոնավիրուսի համաճարակի պատճառով ժամկետները հետաձգվել էին։

Նախատեսվում է, որ նոր ճանապարհը կլուծի Վերին Լարսի անցակետի հետ կապված լոգիստիկ խնդիրները և կապահովի անխափան տրանսպորտային կապ ՌԴ–ի հետ:

Քաղաքականություն

Պատահարներ